«Հիմա դասատու է, մի հատ էլ ապտակել է». Արցախից տեղահանված երեխայի մայր

Aravot.am-ի տեղեկություններով՝ Տիգրանաշենի հիմնական դպրոցում 5-րդ դասարանի աշակերտի նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր. օրենսգրքի 195 հոդվածով (ֆիզիկական ներգործություն): Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ Վալերի անունով մի տղա պատմում էր, որ ուսուցչուհին դասը չսովորելու համար իրեն ուժեղ ապտակել է, մատների հետքը թողնելով իր այտին:


Aravot.am-ին հայտնի է դարձել, որ Վալերին Արցախից տեղահանված ընտանիքից է: Նրա մայրը՝ Լուսինե Պողոսյանը պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է. «Հենց նոր էդ հարցերով էի գնացել, ես որեւէ մեկի դեմ բողոք չունեմ: Ուղղակի իմ երեխուն տարել, խոսեցրել են, գցել են ինստագրամ-մինստագրամ: Խնդրում եմ՝ ես 7 երեխա ունեմ, չգիտեմ՝ որ կողմ վազեմ»: Հարցին՝ այսինքն` իր տղայի նկատմամբ բռնություն չի՞ եղել, պատասխանեց. «Եղելը եղել է, բայց ոչ մեկի դեմ բողոք չունեմ: Երեխեն ինձ չի էլ ասել, էն հարեւանի երեխեն իր մայրիկին է ասել, ինքն է էս ամեն ինչը կազմակերպում, գցում: Հիմա դասատու է, մի հատ էլ ապտակել է, ես դրանում վատ բան չեմ գտնում:


Կարող է՝ չի ցավացել, կամ կամաց է խփել: Իրենք ներողություն խնդրել են ինձանից, եկել են, ներողություն են ասել, ես դա ընդունել եմ: Որեւէ մեկի դեմ բողոք չունեմ: Այ մարդ, մենք սենց բաների չէինք թողնի հասներ, հիմա որ երեխուն տարել են, նկարել, գցել են, դրա մասին էլ եմ մտածում: Հարեւանի հետ էլ կխոսեմ, որ նման բաներ չկրկնվի: Ասել եմ՝ ջնջի էդ վիդեոները»: