Եթե իմ ֆուտբոլիստների մեջ կա տղամարդկային պատիվ, ես կհասնեմ նրան, որ ռեւանշ վերցնենք. Պետրակովը՝ Հս. Մակեդոնիայի հետ խաղի մասին

Երեկ Ազգերի լիգայի խաղարկությունում կայացան երկրորդ տուրի վերջին հանդիպուները։ Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։


Հանդիպումն ավարտվեց բալկանյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։


«Ես այսօր իմ թիմին գրեթե չճանաչեցի: Պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Ամոթ էր այս պարտության համար»,– խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:


«...Թե ինչ տեղի ունեցավ, չեմ կարող ասել: Նրանց ասացի, որ գլուխները չկախեն: Վերադառնան իրենց ակումբները եւ շարունակեն իրենց մարզումները: Յուրաքանչյուր սեւ գծից հետո, գալիս է սպիտակը...


Այն առաջադրանքները, որոնք տվել էի, թիմը չկարողացավ կատարել: Չհասկացա՝ ինչու այսպես ստացվեց: Դեռ կվերլուծենք եւ կհասկանանք, թե ինչու այսպես եղավ: Ես վերջին օրերին նրանց աչքերում կրակ էի տեսնում: Այսօր իմ թիմին գրեթե չճանաչեցի:


Ես համաձայն եմ, որ մենք ամոթով ենք վերադառնում: Ինձ համար ամոթալի է խաղի համար: Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Սա իմ պարտությունն է: Լատվիայի խաղից հետո խնդրեցի, որ ֆուտբոլիստներին շատ չգովաբանեն, այժմ էլ խնդրում եմ՝ շատ չքննադատել:


Պարտությունը խոսում է այն մասին, որ թիմը ոչ ստաբիլ է: Արդեն ժամանակն է ռոտացիայի: Մենք չունենք ուրիշ ֆուտբոլիստներ, որ փոխեինք:


Մենք Մակեդոնիային հանդիպելու ենք հոկտեմբերի 13-ին: Եթե իմ ֆուտբոլիստների մեջ կա տղամարդկային պատիվ, ես կհասնեմ նրան, որ մենք պետք է ռեւանշ վերցնենք»,– ասել է նա:


Այսպիսով, Հս․ Մակեդոնիայի հավաքականը 4 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, Հայաստանի հավաքականը երկրորդն է՝ երեք միավորով, նույնքան միավոր ունի նաև Լատվիան և երրորդ տեղում է, Ֆարերյան կղզիները 1 միավորով եզրափակում են քառյակը։


Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումները կանցկացնի հոկտեմբերին․ հեկտեմբերի 10-ին արտագնա խաղում մեր թիմը կմրցի Լատվիայի հետ, իսկ 13-ին՝ Երևանում կընդունի հյուսիսմակեդոնացիներին։