Գովազդային հասույթի գահավիժում՝ մարզային մեդիայում

Հանրությանը տեսալսողական ծառայություններ մատուցող ընկերությունների իրական անկախության, ինքնաբավ խմբագրական քաղաքականության ու պատասխանատու դիրքավորումից խոսելիս միշտ հանգում ենք այն հարցին, թե որտեղից գտնել բավարար գումար։ Այս մասին գրում է media.am-ը։ 

 

Իհարկե, միայն փողը (ներդրումները, գովազդային եկամուտները, դրամաշնորհները և այլն) բավարար չեն խոսելու համար անկախ ու որակյալ մեդիայի մասին, բայց դա այն նախապայմանն է, որը թույլ է տալիս տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցողներին կամ այդ մատուցումը հասանելի դարձնողներին հաշվարկել իրենց ռեսուրսներն ու չապավինել ստվերային, «մութ» ֆինանսական աղբյուրներին՝ դրանից բխող ազդեցությամբ բովանդակության վրա։


Կամ էլ ընդհակառակը՝ անընդհատ ուշանալով, իմիջիայլոց ու առանց հեռանկարային զարգացման մարտավարության շարունակել գործունեությունը՝ հուսալով, որ ինքնաբերաբար մի բան կստացվի։


Հասույթի մասին հայտարարագրերը, որոնք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով են ներկայացնում այդ մարմնի կարգավորման ներքո գործող ընկերությունները, վկայում են, թե ինչպիսի լուրջ ճգնաժամ է ֆինանսական տեսակետից հատկապես մարզային հեռուստաընկերություններում։


Վերգետնյա հեռարձակում, ռադիո սփռում ունեցող, լիցենզավորված ու հեղինակազորված ընկերությունների, այդ թվում նաև ցանցային օպերատորների ու ինտերնետ կապի ծառայություններ մատուցող ընկերությունների հասույթը 2023–ին կազմել է մոտ 57 մլրդ դրամ։ (Տվյալներում արտացոլված չէ Հանրային հեռարձակողների հասույթը, որը բացի պետական բյուջեով հաստատված տարեկան 8 մլրդ դրամից նաև ներառում է գովազդային և այլ ոչ բյուջետային մուտքեր)։ 


Ընդ որում՝ հասույթի կարկանդակի մեծ հատվածը պատկանում է ցանցային օպերատորների ծառայություն մատուցող ու ինտերնետ կապ տրամադրող 59 ընկերությունների։ Այսինքն, մեդիա բովանդակությունը փաթեթավորողներին ու վերահեռարձակողներին, ոչ թե ստեղծողներին։


Փաստացի, նրանց հասույթը 2023–ին կազմել է 49 մլրդ դրամ։


Ու թեև շատ ցանցային օպերատորներ ոչ միայն տեսալսողական բովանդակության հեռարձման, այլև ինտերնետ կապի ծառայություններ են մատուցում (հայտարագրերում դրանք զատված չեն), միևնույն է ստացվում է, որ ողջ մեդիա դաշտի ահռելի տոկոսը բաժին է հասնում միջնորդներին ու կապ տրամադրողներին, ոչ թե բովանդակության բուն հեղինակներին։


Եթե հայտարարագրված տարեկան 57 մլրդ դրամ հասույթից հանենք այդ 49 մլրդ դրամը, ապա մնացած 8 մլրդ դրամը կարող ենք համարել մեդիա բովանդակության գումարային շրջանառություն։


Այդ 8 մլրդ դրամը բաշխվում է մոտավորապես այսպես (կրկին չհաշված Հանրային հեռարձակողին)․


-Հանրապետական սփռում ունեցող հեռուստաընկերություններ՝ մոտ 4,5 մլրդ դրամ,

-Հանրային ցանցով սփռվող ռադիոընկերություններ՝ մոտ 1 մլրդ դրամ,

-Հեղինակազորված 23 ընկերություններ՝ մոտ 1 մլրդ դրամ,

-Մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերություններ՝ մոտ 816 մլն դրամ,

-Մարզային սփռում ունեցող հեռուստաընկերություններ՝ մոտ 383 մլն դրամ։


Հայաստանի մարզերում տեսալսողական ծառայություններ են մատուցում 9 հեղինակազորված հեռուստաընկերություններ։ Եվ նրանց հասույթը 2023–ին (բոլորինը միասին հաշվարկված) կազմել է 383 մլն դրամ։ Ընդամենը։


Իհարկե, հասույթի նվազումն ունի մի քանի պատճառներ։


Առաջնայինը գովազդային մուտքերի կրճատումն է, որը հատկապես ակնառու է մարզային մեդիայում։ Այս գծապատկերը հստակ ցույց է տալիս, թե որքան սրընթաց է իջնում գովազդային մուտքերի կորը վերջին տարիներին։ Ուղղակի գահավիժում է։ 


Շատ մարզային հեռուստաընկերությունների գոյությունն ինքնին հայտնվել է հարցականի տակ։


Կազուսային վիճակ է. փող չունեն, որ բովանդակություն ստեղծեն։ Բովանդակություն չեն ստեղծում, որով կարող են փող աշխատել։


Որոշակի գումարային ներդրումներ մարզային հեռուստաընկերություններին ապահովում են միջազգային դրամաշնորհները և տեղական բիզնես կառույցները։ Բայց դա չի կրում համակարգային բնույթ, որ հնարավոր լինի խոսել հեռանկարային զարգացման մասին՝ ապավինելով միայն մարզերի ուժերին կամ կապերին։


մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։