Քաղաքականություն

Հայերը համաձայնագիր կնքելիս հաշվի են առել Իրանի բոլոր կարմիր գծերը․ Աբբաս Արաղչի

Ofelya 143 դիտում
Հայերը համաձայնագիր կնքելիս հաշվի են առել Իրանի բոլոր կարմիր գծերը․ Աբբաս Արաղչի

Հարավային Կովկասում ճանապարհների հետ տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. այս մասին Tasnim գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով «Թրամփի ուղու» վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված հայ-ադրբեջանա-ամերիկյան պայմանավորվածություններին:


«Ես չեմ ասում, որ տեղի ունեցողը մտահոգիչ չէ։ Հայ պաշտոնյաների՝ մեզ ասածների հիման վրա, այս ճանապարհը պետք է կառուցի ամերիկյան մի ընկերություն, որը կգրանցվի հայկական օրենսդրության համաձայն և կգտնվի հայկական ինքնիշխանության ներքո: Հայերը մեզ ասում են, որ նրանք դիտարկել և ուշադրություն են դարձրել Իրանի բոլոր կարմիր գծերին այս առումով», - ասել է Արաղչին։


Դիվանագետը հավելել է, որ հայ պաշտոնյաների խոսքով՝ «այնտեղ ամերիկյան ուժեր չեն տեղակայվի, և ուղու անվտանգությունը կապահովի հենց Հայաստանը»։


«Սրանք հայ պաշտոնյաների արած հայտարարություններն են, իհարկե, մենք նույնպես կձեռնարկենք անհրաժեշտ նախազգուշական միջոցները», - ընդգծել է նա։


Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադբրեբաջնի և ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են համատեղ հռչակագիր, որի դրույթներից մեկի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կիրագործվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագիծը, որն Ադրբեջանը Սյունիքի մարզով կկապի Նախիջևանին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250