Փարիզ-2024. Օլիմպիական ավանում մարզիկները որդեր են գտնում սննդի մեջ

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, բրիտանացի լողորդ Ադամ Փիթին հայտնել է, որ մարզիկները որդեր են գտնում օլիմպիական ավանում առաջարկվող ձկնային ուտեստներում:


Լողորդը, որը դեկտեմբերին կդառնա 30 տարեկան, արծաթե մեդալ է նվաճել Փարիզի օլիմպիական խաղերում՝ 100 մետր բրաս մրցաձևում, ինչից հետո նրա կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

«Սնունդն այն չէ, ինչ պետք է մարզիկներին։ Տոկիոյում սնունդը հոյակապ էր, ինչպես նաև Ռիո դե Ժանեյրոյում: Բայց այս անգամ սպիտակուցային սննդի բավարար տարբերակներ չկան, երկար հերթեր, 30 րոպե սպասում ենք ուտելիքին: Ես ուզում եմ միս ուտել, ինձ միս է պետք ելույթ ունենալու համար, ես հենց դա եմ ուտում տանը, ինչո՞ւ պետք է ինչ-որ բան փոխեմ: Ձուկ նույնպես սիրում եմ, բայց մարդիկ դրա մեջ որդեր են գտնում։ Դա լավ չէ: Մենք նայում ենք աշխարհի լավագույններից լավագույններին, բայց նրանց լավագույնը չեն տալիս»,-Փիթիի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը։


Հիշեցնենք` օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը: Խաղերին 15 ռուսաստանցի է մարզիկ է մասնակցում՝ յոթ թենիսիստ, բայդարկայի և կանոեի թիավարության երեք ներկայացուցիչ, երեք հեծանվորդ, բատուտի վրա ցատկերի մեկ ներկայացուցիչ և մեկ լողորդ: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշմամբ` մարզիկները հանդես են գալիս չեզոք կարգավիճակով՝ առանց Ռուսաստանի դրոշի և օրհներգի, իսկ նրանց պարգևները մեդալային աղյուսակում չեն երևում: