Թափառող շներ էին հարձակվել, անկանոն կրակոցներ է արձակել և վնասել համագյուղացու տան ցանկապատը

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հուլիսի 16-ին, գիշերվա ժամը 1-ին, Դալար գյուղում հնչել են կրակոցներ:


Պարզվել է, որ անհայտ անձը Դալար գյուղի Մանուկյան փողոցի տներից մեկի մոտ հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վնասվել է տան ցանկապատը:


Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցելով Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների հետ, պարզել են, որ հուլիսի 16-ի ժամը 1-ի սահմաններում Դալար գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը իր վարած «ՎԱԶ-2107»-ի սրահից ապօրինի պահվող ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել՝ վնասելով համագյուղացու տան ցանկապատը, ինչից հետո ինքնաձիգը նետել է դեպքի վայրի հարակից տարածքում և մեքենայով հեռացել: Հետագա միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին: Բաժնում տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, որ ինքն է կրակոցներ արձակել, քանի որ իր վրա թափառող շներ են հարձակվել:


ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։


Դալար գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:


Նախաքննությունը շարունակվում է:

Պատահարներ