ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդո՞տ է ՀՀ-ԱՄՆ ռազմական համագործակցության համար․ հարց՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյան, որի հետ «Հետքը» զրուցել է հայ-ամերիկյան համագործակցության, ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների, արցախցիների վերադարձի իրավունքի, Արցախի հայկական ժառանգության պահպանման եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մասին։


Տիկին Զեյա, բարի գալուստ Հայաստան։ Արդեն մի քանի օր է՝ մեր երկրում եք։ Ինչից եք ամենից շատ տպավորվել։


Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, Լիանա։ Ազդեցիկ ու տպավորիչ այց էր սա։ Եվ ես վստահաբար կարող եմ ասել, որ խորացող հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններն ամուր են և ավելի ու ավելի են ամրապնդվում։ Ես այստեղ եմ՝ Երևանում աջակցություն հայտնելու ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Հայաստանի վերաբերյալ մեր երկու պետությունների ընդհանուր տեսլականին, որի ներքո Հայաստանը կարող է կերտել իր ուղին, իր կապերը տարածաշրջանում և աշխարհում։


Վերջին 4 օրերի ընթացքում գերազանց ու բազմաբնույթ քննարկումներ տեղի ունեցան վարչապետի, փոխվարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ։ Ես ընդգծեցի երեք հիմնական ուղերձ։


Առաջինն այն է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը, մենք սատարում ենք խաղաղության, անվտանգության և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալ հայ ժողովրդի տեսլականին։ Ես տեղեկացա թափանցիկության, հաշվետվողականության և մարդու իրավունքների համընդհանուր ապահովման ուղղությամբ քաղաքացիական հասարակության ծավալուն ներգրավվածության մասին։ Մենք ողջունում ենք այն նշանակալի առաջընթացը, որ Հայաստանն ունեցել է և շարունակում է գրանցել ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, անկախ դատական համակարգի ձևավորման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ասպարեզում։ Սակայն ընդունում ենք նաև, որ դեռ անելիքներ կան։


Երկրորդ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը և արժանապատիվ ու տևական խաղաղության հաստատմանը, որին վաղուց ի վեր ձգտում է Հայաստանի ժողովուրդը։ Մասնավորապես, ցանկանում եմ գովեստով արտահայտվել վարչապետ Փաշինյանի և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով խաղաղության գործընթացն առաջ տանելու ու տարածաշրջանային կապուղիների ձևավորման նրա ջանքերի վերաբերյալ, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի հսկայածավալ սոցիալ-տնտեսական ներուժը։ Այս նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվում է ուսումնասիրություն տրանսպորտային ուղիների ինտեգրման վերաբերյալ՝ խրախուսելու և ամրապնդելու տարածաշրջանային առևտուրն ու կապուղիները՝ արդարացի և տևական խաղաղության միջոցով։


Եվ վերջինը՝ Հայաստանը հսկայական ջանքեր է գործադրել Հայաստանում ընդունելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին, որոնք, անցնելով զրկանքների ու ծայրահեղ դժվարությունների միջով, այժմ հանգրվան են գտել Հայաստանում։ Այդ ջանքերն արժանի են գովեստի և այդ հարցում Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանին։ Անցյալ տարվա սեպտեմբերից ԱՄՆ պետքարտուղարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ն 11,5 միլիոն ԱՄՆ դոլար են տրամադրել՝ մեղմելու հանրային ծառությունների ու ենթակառուցվածքների բեռը և արձագանքելու անհետաձգելի կարիքներին, ինչպիսիք են կացարանի, զբաղվածության, կրթության ապահովումը։


Սրանով՝ 2020թ․ սեպտեմբերից մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակին արձագանքելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից տրամադրված մարդասիրական աջակցության ընդհանուր գումարը հասել է մոտ 31 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ամփոփելով՝ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ խորապես հուզիչ այցելության համար։ Ես Անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեցի, իսկ երկու ժամ տևած շրջայցից հեռացա հայ ժողովրդի կամքի ու տոկունության հանդեպ հիացմունքով լցված։


Այսպիսով, Միացյալ Նահանգներն առավել քան երբևէ հանձնառու է գործակցել և աջակցել առավել ինքնիշխան, ժողովրդավար, բաց և ապահով Հայաստանին, որն իր դրական ներդրումն է ունենում իր քաղաքացիների, տարածաշրջանի ու աշխարհի համար։ Շնորհակալություն։


Շնորհակալություն այս ներածական խոսքի համար։ Դուք խոսեցիք տարածաշրջանում կայունության եւ խաղաղության մասին։ Միացյալ Նահանգներն ակտիվորեն ներգրավված է խաղաղության բանակցություններում։ Նախորդ շաբաթ պետքարտուղարի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո պետքարտուղար Բլինքենը հայտարարեց. «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության»։ Ի՞նչ հիմքեր կան նման լավատեսության համար, երբ Ադրբեջանը միակողմանիորեն նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։


Անցյալ շաբաթ Վաշինգտոնում պետքարտուղար Բլինքենի կազմակերպած հանդիպումը մատնանշում է Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։ Եվ մենք հասկանում ենք, որ երկու երկրներն էլ կարևոր քայլեր են կատարել և ցանկանում ենք շարունակել մեր աջակցությունը։ Կարծում եմ՝ կարևոր է ընդգծել խաղաղության համաձայնագրի, արժանապատիվ ու տևական խաղաղության համաձայնագրի ազդեցությունը․ այն իրապես արտակարգ հնարավորություններ կարող է բացել ոչ միայն երկու երկրների, այլ ողջ տարածաշրջանի համար։


Միացյալ Նահանգներն ամուր աջակցում է այս ջանքերին։ Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են վերջնական համաձայնությանը։ Բայց, իհարկե, բանակցային սեղանի շուրջ նստածներն են վերջնական որոշում կայացնողները։ Մենք մեր կողմից խրախուսում ենք այս նպատակին հասնելու պահը բաց չթողնել։ Նույնը նաև վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասով։ Կարծում ենք, որ արժանապատիվ, տևական խաղաղությունը խիստ էական է տարածաշրջանի հսկայական սոցիալ-տնտեսական ներուժը բացահայտելու, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկով» նախանշվող տարածաշրջանային կապուղիները զարգացնելու համար։


Այսինքն, Դուք կարծում եք, որ տնտեսական օգուտները կարող են խթանել կողմերին, մասնավորապես՝ Ադրբեջանին, ստորագրե՞լ խաղաղության համաձայնագիրը։ ԱՄՆ ՄԶԳ-ի հետազոտությունը, որը հիշատակեցիք, նույնպե՞ս դրան է ուղղված։


ԱՄՆ ՄԶԳ-ի իմ նշած ուսումնասիրությունը դիտարկում է տրանսպորտային ուղիների ինտեգրման շրջանակները և ներուժը։ Այս առումով չեմ կարող ասել, թե որ գործոնները կարող են վճռորոշ լինել Ադրբեջանի համար։ Ենթադրություններ չեմ կարող անել։ Մեկ անգամ ևս նշեմ պետքարտուղարի հայտարարությունները, որ բանակցային սեղանի շուրջ նստածներն են վերջնական որոշում կայացնողները։ Իսկ մենք հսկայական ներուժ ենք տեսնում, որն առկա կլինի արժանապատիվ ու տևական խաղաղության պարագայում, և մենք ամեն ինչ կանենք, այն, ինչ մեզնից կխնդրեն, որպեսզի օգնենք հասնել այս նպատակին։


Հուլիսի 15-ին մեկնարկել են հայ-ամերիկյան երկրորդ զորավարժությունները։ Արդյոք սա նշանակում է, որ ռազմական համագործակցությունը երկու երկրների միջեւ խորանում է։ Հնարավո՞ր է, որ Ֆրանսիայի պես, Միացյալ Նահանգներն աջակցի Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացմանը եւ զինված ուժերի բարեփոխմանը։


«Արծիվ գործընկեր» զորավարժության հետ կապված՝ ուզում եմ ընդգծել, որ այն նախապես պլանավորված զորավարժություն է՝ միտված կանոնավոր ուսուցումների իրականացմանը, պատրաստականության և փոխգործելիության մեծացմանը և խաղաղապահ գործողություններին։ Այս ջանքերն առաջնորդում է ամերիկյան կողմը՝ մեր պաշտպանության դեպարտամենտի միջոցով։ Լինելով պետքարտուղարության ներկայացուցիչ՝ մանրամասնությունների ներկայացումը ես կցանկանայի վերապահել պաշտպանության դեպարտամենտի իմ գործընկերներին։


Սակայն, ես ուզում եմ նշել, որ պաշտպանական և քաղաքացիական անվտանգության ասպարեզներում տեսնում ենք մեր երկարամյա դրական համագործակցության խորացում։ Նշեմ պաշտպանության դեպարտամենտի «Նահանգային գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը։ Իսկ պետքարտուղարության մասով, իմ ղեկավարության ներքո է գործում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն, որը Հայաստանի կառավարության և ժողովրդի հիմնական գործընկերն է ոստիկանության կարողությունների զարգացման և ամրապնդման ասպարեզում և աջակցում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության մեծացման հարցերում։ Այս համագործակցության բազմաթիվ դրական արդյունքներից մեկն էլ պարեկային ծառայության ձևավորումն է Հայաստանում։ Ի դեպ, Ներքին գործերի նախարարի հետ առիթ ունեցա լինել պարեկային ծառայության գլխամասային գրասենյակի, օպերատիվ կառավարման կենտրոնի և պարեկային ծառայության Երևանի գնդի նոր մասնաշենքերում, որոնք ներկայացնում են Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության ներդրումները մարդակենտրոն և իրավունքների նկատմամբ հարգանք ապահովող ոստիկանական ծառայությունների ապահովման ուղղությամբ, որի արդյունքում ոստիկանությունը ավելի մեծ հանրային վստահություն կունենա և ավելի սերտ կապեր կլինեն իրավապահների և նրանց կողմից սպասարկվող համայնքների միջև։ Կարծում եմ՝ սա նաև ցույց է տալիս, որ ժողովրդավարական բարեփոխումը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացումը կարող է հանգեցնել առավել ապահով ու անվտանգ միջավայրի ապահովմանը բոլորի համար։


Կարո՞ղ եք հաստատել այն տեղեկությունը, թե որոշում կա, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։


Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը։


Արդյոք Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար։ Կարո՞ղ է անդամակցության դադարեցումը խթանել այդ համագործակցությունը։


ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։ Երրորդ և վերջին դիտարկումս․ չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն