Ֆրանսիան ՖԻՖԱ-ին կբողոքարկի արգենտինացի ֆուտբոլիստների պատճառով
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FFF) պատրաստվում է բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին Արգենտինայի հավաքականի խաղացողների ռասիստական բղավոցների պատճառով: Այս մասին հուլիսի 16-ին հայտնել Է AFP գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Արգենտինացի մարզիկները ռասիստական կարգախոսներ են հնչեցրել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների հասցեին Ամերիկայի գավաթի խաղարկությունում հաղթելուց հետո: Սոցիալական ցանցերում վճռորոշ հանդիպումից հետո լայնորեն տարածվեց միջադեպի տեսանյութը։
«Նրանց մայրը նիգերիացի է, հայրը՝ կամբոջացի, բայց անձնագրում՝ ֆրանսիացի», «նրանք խաղում են Ֆրանսիայում, բայց ծագումով Անգոլայից են, նրանք լավ կվազեն»:
Նշվում է, որ այս բղավոցը դեռևս 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ կատարել են արգենտինացի երկրպագուները: Դրանում նաեւ վիրավորական արտահայտություններ կան Ֆրանսիայի հավաքականի առաջատար Կիլիան Մբապեի հասցեին:
Այդ կապակցությամբ FFF-ն Ֆիլիպ Դիալոյի ղեկավարությամբ կապ կհաստատի ՖԻՖԱ-ի հետ:
Ամերիկայի գավաթի եզրափակիչը տեղի է ունեցել Մայամի Գարդենս քաղաքում (Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ) հուլիսի 15-ի գիշերը: Մրցաշարի հաղթող դարձավ Արգենտինայի հավաքականը, որը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց Կոլումբիայի թիմին: