Դա վտանգում է հրադադարի շուրջ բանակցությունները․ զգուշացնում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդը

Իսրայելն ակտիվացրել է հարձակումը Գազա քաղաքում։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը զգուշացնում է՝ դա վտանգում է հրադադարի շուրջ բանակցությունները:


ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ Իսրայելի զորքերի առաջխաղացումը դեպի Գազա քաղաքի խորքը վտանգում է կրակի դադարեցման շուրջ բանակցությունները:


Հազարավոր պաղեստինցիներ ստիպված են եղել լքել քաղաքը, որտեղ ՑԱԽԱԼ-ը մարտեր է վարում ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների զինյալների դեմ, որոնք, իսրայելական հետախուզության տվյալներով, վերախմբավորվել են այնտեղ:


Բնակիչները հայտնում են հրետակոծությունների և տանկային զենքերից գնդակոծությունների, ինչպես նաև ավիահարվածների մասին:


Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ մոտեցել են հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը, ինչպես հայտնում են բազմաթիվ աղբյուրներ: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ խմբավորումը հրաժարվել է Իսրայելի կողմից անկլավում պատերազմի ավարտի մասին իր առանցքային պահանջից՝ պատանդներին ազատելու դիմաց:


Բանակցությունները պետք է սկսվեն առաջիկա օրերին Դոհայում՝ ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ:


Պաղեստինյան խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան սպառնացել է, որ Գազայում իսրայելական հարձակումը աղետալի հետևանքներ կունենա բանակցությունների համար, և որ դրանց ձախողման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են վարչապետ Բենյամին Նեթանյահուն և իսրայելական բանակը:


Մինչդեռ, ինչպես հայտնում են ՄԱԿ-ում, Գազա քաղաքում տարհանման մասին Իսրայելի վերջին կարգադրությունը վերաբերում է ավելի քան 60 դպրոցներին, որտեղ ապաստան են գտել տեղահանված պաղեստինցիները, ինչպես նաև երկու հիվանդանոցներին և մի քանի բուժկետերին:


Իսրայելը պնդում է, որ ահաբեկիչները թաքնվում են խաղաղ բնակչության շրջանում՝ տեղակայելով իրենց բազաներն ու հարվածային կետերը դպրոցներում, հիվանդանոցներում և բնակելի շենքերում:

Քաղաքականություն