ՀՀ-ում կանայք են հավաքագրվել Էմիրnւթյnւններում uեռական ծառայnւթյnւնների hամար․ մանրամաuներ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2009թ. մարդկանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի՝ ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ժամանակավորապես բնակվող կինը սեռական շահագործման նպատակով, իր ծանոթների միջոցով, խարդախությամբ, ՀՀ-ում հավաքագրել և ԱՄԷ է փոխադրել ՀՀ քաղաքացիների և նրանց ներգրավել պոռնկության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 1321-րդ հոդվածի 1-ին մասով դեռևս 2009 թվականին հարուցվել է քրեական գործ։
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է հանցավոր գործունեություն ծավալած հիշյալ անձի ինքնությունը, ով ՀՀ-ում հաշվառում չունեցող, ԱՄԷ-ում բնակվող 1965թ. ծնված Ռ.Հ.-ն է:
Ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներին օտար երկրում սեռական շահագործման ենթարկելու նպատակով գործել է խումբ:
Քննությամբ պարզվել է խմբի երեք ղեկավարների ինքնությունը:
Տվյալներ են ստացվել այն մասին, որ խմբի գործողությունները համակարգվել են Ռ.Հ.-ի, ինչպես նաև՝ Ն.Խ.-ի և Ա.Մ.-ի կողմից:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև խմբի մյուս անդամների, ինչպես նաև՝ վերջիններիս գործողություններից տուժած անձանց ինքնության վերաբերյալ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Հ.-ն, շահագործման նպատակով, մարդկանց հավաքագրելու, փոխադրելու, ստանալու և սեռական շահագործման մեջ ներգրավելու դիտավորությամբ, 2006-2007թթ. ընթացքում, իր հանցակիցների միջոցով, աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով, խարդախությամբ, հավաքագրել, այնուհետև ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել թվով հինգ քաղաքացիների՝ ՀՀ տարբեր մարզերի բնակչուհիների:
Վերջիններիս փախուստը կանխելու նպատակով վերցրել և իր մոտ է պահել նրանց անձնագրերը, ապա, օգտագործելով անձնագրի բացակայության, օտար երկրի օրենքները չիմանալու, գումար չունենալու, Դուբայ փոխադրելու և մուտքի հրավերք ձեռք բերելու ծախսերը մարելու հանգամանքը, տուժողների մոտ ծագած վիճակի խոցելիությունն օգտագործելու եղանակով, ինչպես նաև որոշ դեպքերում նրանց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նշված կանանց ներգրավել է պոռնկության մեջ, ենթարկել սեռական շահագործման և տիրացել վերջիններիս կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին։ Առանձին դեպքերում, անձնագիրը վերադարձնելու համար, նրանցից պահանջել է տարբեր չափերի գումարներ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2009թ. հունիսին Ռ.Հ.-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նույն թվականի հոկտեմբերին քրեական գործի վարույթը կասեցվել է։ Շուրջ 14 տարի անց կասեցված վարույթը վերսկսվել է:
2024թ. հունիսի 8-ին Ռ.Հ.-ն հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (երկու դրվագ), և 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ` դեռևս 2009 թվականի հուլիսին, մեղադրանք է առաջադրվել նաև Ռ.Հ.-ի հանցակից, խմբի ղեկավարներից ևս երկուսին՝ Ա.Մ.-ին և Ն.Խ.-ին, որոնց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: