Զբոսաշրջիկները երե՞ս են թեքել Փարիզից
Տուրինդուստրիայի ներկայացուցիչները հույս ունեին, որ Օլիմպիադան Փարիզ կգրավի բազմաթիվ հյուրերի։ Սակայն այս սեզոնին ճանապարհորդները չեն ձգտում Ֆրանսիայի մայրաքաղաք։
Փարիզում ամառային օլիմպիական խաղերի բացմանը հաշված օրեր են մնացել։ Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հույս ունեին, որ առաջիկա մարզական փառատոնը կգրավի բազմաթիվ հյուրերի։ Սակայն այս սեզոնին զբոսաշրջիկները չեն շտապում Ֆրանսիայի մայրաքաղաք։
Փարիզի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ խոսքով, հունիսին ամրագրվել է համարների միայն 50%-ը։ Առայժմ միտումը շարունակվում է։ Մարդկանց չեն գրավում նույնիսկ հատուկ առաջարկներն ու զեղչերը։Հաղորդում է Euronews-ը:
«Կարծում եմ, որ Օլիմպիական խաղերի ազդեցությունը հակաարդյունավետ է, քանի որ ամեն ինչ շատ թանկ է: Կարծում եմ, զբոսաշրջիկներին ասվել է, որ տեղաշարժի սահմանափակումները խնդիրներ կստեղծեն, մետրոյի տոմսի գինը եռապատկվելու է, տուրիստական հարկը եռակի կբարձրացվի։ Բացի այդ, մեզ մոտ եղանակը վատ է, ուստի ավելի քիչ մարդիկ են գալիս»,- ասել է հյուրանոցի տնօրենը։
Անցած հունիսին փարիզյան հյուրանոցները 80-90%-ով լցված էին։ Զբոսաշրջության ոլորտը մտավախություն ունի, որ Օլիմպիական խաղերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը դժվար թե բարելավվի: