Ռուսաստանցի կինը կորցրել է անձնագիրը, հետո պարզել, որ այդ ընթացքում «ամուսնացել» է եգիպտացու հետ

Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակչուհին պատահմամբ պարզել է, որ ամուսնացած է եգիպտացի տղամարդու հետ՝ չնայած, որ այդ մասին գաղափար անգամ չի ունեցել:


Ինչպես պատմել է Եկատերինա անունով կինը, 2021 թվականի ամռան սկզբին ինքը կորցրել է անձնագիրը, որից հետո դիմել է ոստիկանություն, սակայն չի հասցրել նորը ձևակերպել։ Երբ կինը որոշ ժամանակ անց գնացել է գրանցելու իր երեխայի ծննդյան վկայականը, տեղեկացել է, որ 2022 թվականի հունվարի 27-ից ամուսնացած է Եգիպտոսի քաղաքացի ոմն Մուսթաֆա Մուհամեդ Մուսթաֆա Ահմեդի հետ։


Իրականում կինը չի իմացել նրա գոյության մասին և երբեք չի տեսել նրան:


Հետագայում պարզվել է՝ 2022 թվականի փետրվարի 17-ին Մուստաֆան կորած անձնագրի հիման վրա դիմել է ՌԴ միգրացիոն վարչություն՝ ժամանակավոր կացության թույլտվության դիմումով՝ վկայակոչելով այն փաստը, որ ցանկանում է կնոջ հետ ապրել Ռուսաստանում։


Դատարանը քննել է դատախազի հայցը և որոշել, որ ամուսնությունը կնքվել է կորցրած անձնագրի հիման վրա։ Ամուսնությունն անվավեր է ճանաչվել, իսկ ամուսնության քաղաքացիական գրանցումը չեղյալ է հայտարարվել։