Թուրքիայում տեղի ունեցած անկարգություններից հետո մոտ 70 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի իրավապահ մարմինները մոտ 70 մարդու են ձերբակալել, որոնք մասնակցում էին Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած անկարգություններին` երեխայի նկատմամբ բռնության մեջ կասկածվող սիրիացու ձերբակալությունից հետո: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։


Երլիկայան հստակեցրել է, որ երեխան սիրիացի տղամարդու ազգականն է, հետաքննություն է սկսվել։


«Սակայն դրանից հետո քաղաքացիները հավաքվել են տվյալ շրջանում` ապօրինի գործելով և ցուցադրելով մարդկային արժեքներին չհամապատասխանող գործողություններ, վնասել են սիրիացիներին պատկանող տներ, ձեռնարկություններ և ավտոմեքենաներ: Իրավապահ մարմինների միջամտության արդյունքում այդ գործողությունների համար ձերբակալվել է 67 մարդ»,- հայտնել է նախարարը։


Երլիկայան անթույլատրելի է համարել այլատյացության դրսևորումները և հասարակական կարգի խախտումները:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ երկրի հարավում գտնվող Կայսերի նահանգում անկարգությունների պատճառ են դարձել ընդդիմության «թունավոր» դատողությունները:


Հիշեցնենք՝ Կայսերիում անկարգություններ էին սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները մի սիրիացու էին ձերբակալել Դանիշմենթգազիի շրջանում` կապված սիրիական ծագում ունեցող երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու հետ: Երեխան հանձնվել է խնամակալության մարմիններին: