Լարված իրավիճակ՝ Կոտայքում. «Հրազդան ցեմենտ»-ի գործարանում 450-ից ավելի աշխատակիցներին ղեկավարությունը խաբում է

Այսօր՝ հունիսի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 3 ամսից ավելի է՝ Հրազդան քաղաքում հայտնի դեռ Խորհրդային տարիներից գործող «Հրազդան ցեմենտ»-ի 450-ից ավելի աշխատակիցներ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ՝ թե ի վերջո երբ են իրենց մարտ, ապրիլ, մայիս, հունիսի մասին էլ դեռևս խոսք չկա, աշխատավարձները ստանալու:


Ֆոտոլրագրողի հետ զրույցում աշխատակիցները ասում էին.


«3, հունիսն էլ հետը հաշված՝ 4 ամիս է՝ չենք կարողանում մեր արդար քրտինքով վաստակած, կարելի է ասել, գրոշները ստանալ: 4 ամիս շարունակ այդ փոշու մեջ մեր առողջության հաշվին աշխատել ենք:


Մենք շատ բան չենք ուզում, մեր աշխատանքի դիմաց ժամանակին վճարեն մեր աշխատավարձերը, որոնք սկսվում են 80 հազար դրամից՝ մինչև 100-120 հազար դրամ:


3 ամսից ավելի է՝ տնօրինությունը ռսի «զավտռա»-ն է անում՝ «էսօր կտամ, վաղը կտամ»: Կարծես սրանք մենակ իրենց թափանները լցնեն ու մեկ էլ երևի սաղ կյանքում կարդացել են մեծն Թումանյանի «Շունն ու կատուն»՝ «ուրբաթ օրը համեցեք, տար»:


Ու տենց 3 ամիս է՝ ուրբաթները հոլի նման «ֆռում են»:


Մարդ ինչ աստիճանի անմարդկային վերաբերմունք ցուցաբերի իր աշխատողների նկատմամբ, որ չեն էլ մտածում՝ ընտանիքներ կան, կոմունալները չեն կարողանում մուծել, «Վելոիա ջուրն» ու էլեկտրոցանցը, գազի գրասենյակը անջատումներ են կատարել:


Երեխան ջերմում է, չենք համարձակվում տանենք հիվանդանոց, քանի որ պետք է վճարում կատարենք, իսկ որտեղից վճարենք, երբ մեր քրիտինքով վաստակած չնչին աշխատավարձը հրազդան ցեմենտը չի վճարում, գցում է էսօր-էգուց:


Նույնիսկ կարող ենք դիմել ամենածայրահեղ միջոցի՝ փակելով ճանապարհները, բայց ասում ենք՝ չենք ուզում իջնել դրանց մակադակին, խնդրում ու պահանջում ենք, որպեսզի ղեկավարությունը օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում խնդիրը լուծի՝ աշխատավարձները վճարի, ու գիտենք, որ լավ էլ գումար ունեն, նենց չի, որ տեղյակ չենք, թե զավոդում ինչքան ցեմենտ ա արտադրվել, ինչքանն ա սպառվել»:


Այս պահին գործարանի դահլիճում 70-ից ավելի աշխատակցիներ հանդիպում են սեփականատիրոջ՝ Կոլյա Խաչատուրովի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև գործարանի գլխավոր հաշվապահ Ռոբերտ Քոքոբելյանն ու կադրերի բաժնի պետ Հրայր Քոքոբելյանը, ովքեր ասում էին, թե պատասխանատուները դատարանում են, հեսա դատարանը որոշումը կայացնի, ձեր փողերը կտանք, էնպես չի որ փող չկա: Գոնե փող լինելու մասին խոստովանում են, քամի չեն անում, չեն խաբում, թե փող չկա, մնում է մարդկանց վաստակը գնահատեն ու վճարումները կատարեն:


Այս պահին էլ գործարանի աշխատակիցներին նրանք հայտնեցին, որ 1 ու կես ժամից սնանկության ինչ-որ կառավարիչ կայցելի գործարան ու հստակ մարդկանց հուզող հարցերին պատասխանը կտա:


Բայց որ պատասխանով չես կարող մարդկանց լույսը, գազը, ջուրը մուծել, դա երևի իրենք մեզնից լավ գիտեն: