Այդ հարցում մենք Թուրքիայի հետ համերաշխ ենք. Ջրային կոմիտեի նախագահ
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանից MediaHub-ը հետաքրքրվել է, թե ինչպիսի՞ն է այս տարի մեր ջրամբարների վիճակը, արդյոք ունե՞նք ջրի բավականին պաշար։
Հիշեցնենք, նախորդ տարի բավականին սակավաջուր տարի էր, և այս իմաստով որոշակի խնդիրների առաջ էինք կանգնել։ Այս տարվա մասով Վահագն Գևորգյանն ասաց, որ հուրախություն մեր գյուղատնտեսների, տնտեսվարողների և մեզ՝ բոլորիս, մեր ջրային պաշարները, ի տարբերություն նախորդ սակավաջուր տարվա, բավականին լավ վիճակում են։
«Ջրամբարներում արդեն բավականին պաշարված ջուր ունենք, և ՀՀ-ում ունենք ջրամբարներ, որտեղ արդեն ջրի ավելցուկի բացթողում ենք իրականացնում։ Օրինակ՝ Արփի լիճը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ առաջիկա երկու օրերի ընթացքում նաև Ազատի ջրամբարում կունենանք ջրի բացթողում։ Ու ևս մեկ ուրախալի լուր ունենք, որ եթե նախորդ տարի այս նույն օրվա դրությամբ Սևանա լճից արդեն վերցրել էինք 30 մլն խորանարդ մետր ջուր, այս տարի Սևանը ընդհանրապես չենք բացել»,- ասել է Գևորգյանը։
-Դա ինչի՞ շնորհիվ է, տեղումնե՞րն են առատ եղել, թե՞ նաև կառավարման խնդիր է եղել, որ այս տարի լուծվել է։
-Տեսեք, անցած տարին սակավաջուր տարի լինելով, կարելի է ասել, որ արդյունավետ կառավարման և ճիշտ ջրաշրջանառության արդյունքում մենք ունեցանք անցնցում ոռոգում։ Այս տարի ուղղակի պետք է արձանագրենք, որ տեղումներն են բավականին շատ եղել, և Սևանա լիճը ներկա պահին բացելու խնդիր չունենք։ Եւ պետք է ասեմ, որ Սևանի մակարդակը նախորդ տարվա վրա արդեն +10 սմ բարձրացել է։
-Մենք Թուրքիայի հետ սահմանին ջրամբար ունենք, որ համատեղ ենք օգտագործում։ Թուրքերի հետ այդ փոխգործակցությունն ինչպե՞ս է ստացվում, լինո՞ւմ է, որ իրենք մեզանից ավել ջուր վերցնեն, կամ հակառակը՝ մենք իրենցից ջուր վերցնենք։ Համերա՞շխ ենք այդ հարցում իրենց հետ։
-Այդ հարցում մենք իրենց հետ համերաշխ ենք դեռևս 1920-30-ական թվականներից։ Ուզում եմ ասել՝ մենք օպերատիվ կարգով ամենօրյա աշխատանք ենք իրականացնում, և ամառային սեզոնին նաև հանդիպումներ են լինում թե՛ հայկական կողմում, թե՛ թուրքական կողմում, և, կարելի է ասել, փոխգործակցության արդյունքում էդպիսի խնդիրներ չեն առաջանում։
-Լինո՞ւմ է, որ սեզոնից կախված՝ մենք իրենցից ջուր խնդրենք, կամ իրենք մեզանից խնդրեն։
-Իհարկե, լինում է, որովհետև, օրինակ, ամառային տապի ժամանակ՝ օգոստոս ամսին, Արմավիրի մարզում մեզ շատ ավելի ջուր է պետք լինում, քան իրենց։ Բայց իրենց մոտ էլ հոկտեմբեր ամսին է էդպես լինում՝ եգիպտացորենի, գարու կամ այլ մշակաբույսերի հետ կապված իրենք վերցնում են հիմնականում հոկտեմբեր ամսին։ Ամեն դեպքում, պայմանագրով նախատեսված 50/50 բալանսը տարվա ընթացքում պահպանվում է։
-Այսինքն՝ ամռանը մենք ենք իրենցից ջուր վերցնում, աշնանը՝ իրենք են մեզնից վերցնում։
-Այո, բայց, ամեն դեպքում, տարվա ընթացքում 50/50 բալանսը, ըստ էության, պահպանվում է։
-Իսկ Դուք վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել թուրքական կողմի հետ։
-Նախանցած տարի եմ ես հանդիպել՝ թուրքական կողմում։ Բանակցությունները հիմնականում վարում է «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ էնտեղի մասնագետների հետ միասին։
-Հիմա մենք սահմանազատման գործընթացում ենք գտնվում, հայ-ադրբեջանական սահմանին կա՞ն ջրամբարներ, որոնք այս գործըթնացի արդյունքում կարող են հայտնվել ռիսկայի գոտում, օրինակ՝ մասամբ կամ ամբողջությամբ անցնեն Ադրբեջանին։
-Ռիսկային գոտում գտնվող ջրամբարներ չունենք, միայն ունենք Տավուշի մարզի Ջողազի ջրամբարը։ Այս պահին չեմ կարող ասել՝ սահմանազատումն ինչպես կլինի, բայց դա դեռևս Խորհրդային միության տարիներից սկսած՝ գտնվել է ադրբեջանական կողմում, միայն պոմպակայանի հատվածն էր մեր տարածքում։ Նորանկախ ժամանակահատվածում, կարելի է ասել, ջրամբարը չէր օգտագործվում, բայց եթե օգտագործվի, ապա էլի համատեղ պետք է օգտագործվի։