Ադրբեջանին սառը պատերազմ են հայտարարել․ Ալիևը հայտարարություն է արել
Եվրամիության հետ Ադրբեջանի հարաբերությունները կարելի է դրական բնութագրել, սակայն «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից և հատկապես անցյալ տարվա հակաահաբեկչական գործողությունից հետո որոշ եվրոպական երկրներ սկսեցին «անհիմն և անբարեխղճորեն հարձակվել մեզ վրա»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Այս նա ասել է Բաքվում Թյուրքական պետությունների կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների և Հունգարիայի Ազգային ժողովի փոխխոսնակի հետ հանդիպմանը։
«Սևացնել Ադրբեջանը, ստվեր գցել այն ամենի վրա, ինչ մենք անում ենք, անվանել սպիտակը՝ սև, իսկ սևը՝ սպիտակ, աջակցել օկուպանտին և արատավորել օկուպացիայի ենթարկվածներին․ սա դարձել է ԵՄ անդամ որոշ երկրների ապրելակերպը։ Սա հիմնված է ոչ թե միջազգային իրավունքի նորմերի վրա, այլ անձնական, ցավոտ հավակնությունների։ Ցավոք, որոշ երկրներ, որոնք ձգտում են հատուկ տեղ զբաղեցնել Եվրոպայում, կարողացել են նույնիսկ հակաադրբեջանական խմբավորում ստեղծել։ Այսօր ԵՄ անդամ առնվազն երեք երկրներ սառը պատերազմ են հայտարարել Ադրբեջանին։ Նրանք հայտնի են»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Վերջինս, սակայն, չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը։
«Ես Եվրոպայից ժամանած հյուրերին բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Տարածքային ամբողջականություն, որը ճանաչեցիք և՛ դուք, և՛ ամբողջ աշխարհը։ Տարածքային ամբողջականություն, որը ստիպեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդունել չորս բանաձև՝ դադարեցնելու օկուպացիան: Սակայն ՄԱԿ-ը ոչինչ չկարողացավ անել, Եվրամիությունը ոչինչ չէր ուզում անել, իսկ ԵԱՀԿ-ն և նրա Մինսկի խումբը փաստացի դարձան հակաադրբեջանական գործիք օկուպանտ Հայաստանի ձեռքում»,-դիմելով Հունգարիայի խորհրդարանի փոխխոսնակին՝ ասել է Ալիևը և հավելել, որ «Բուդապեշտն այստեղ ոչ միայն պաշտպանում է իր ընկերոջը, այլև պաշտպանում է արդարությունը»։