ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանին
ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության անդամների շարունակական ձերբակալություններով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով Ադրբեջանում Abzas Media-ի հետաքննության շրջանակներում ձերբակալված հայտնի տնտեսագետ և լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի ձերբակալությանը։
Նա շեշտել է՝ նրանք, ովքեր օգտագործում են իրենց հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը, դրա համար չպետք է ձերբակալվեն։
«Մենք խորապես անհանգստացած ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների շարունակական ձերբակալություններով: Նրանք, ովքեր օգտվում են իրենց հիմնարար ազատություններից՝ ներառյալ ազատ արտահայտվելու իրավունքը, չպետք է ձերբակալվեն դրա համար»,- ընդգծել է Միլլերը։
ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց և հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
Նշենք, որ Բաքվի Խաթայի շրջանի դատարանի վճռով 3 ամիս 20 օր ժամկետով կալանավորվել է տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն, ով ներգրավված է Abzas Media անկախ հրատարակության գործով: Դրա մի խումբ աշխատակիցներ մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում արժույթի մաքսանենգության մեջ (ԱՀ ՔՕ 206.3.2 հոդված):
Մեհրալիզադեին նույնպես մեղադրանք է առաջադրվել արտարժույթի մաքսանենգության հոդվածով: Նա դատարանում հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ գործնական կապեր չունի Abzas Media հրատարակության հետ։