Չինաստանից մեկնաբանել են Բայդենի՝ Թայվանում ԱՄՆ ԶՈՒ օգտագործման հնարավորության մասին խոսքորը

Ոչ մի սպառնալիք չի կարող սասանել երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Չինաստանի վճռականությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը Թայվանում ամերիկյան զինված ուժերի օգտագործման հնարավորության մասին։


«Թայվանական հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, եւ ոչ մի արտաքին միջամտություն անթույլատրելի է», - հայտարարել է նա:


«Ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք չի կարող ցնցել Չինաստանի կառավարության և ժողովրդի ամուր վճռականությունը, կամքն ու ուժը՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:


Նրա խոսքով՝ չին ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպես լուծել Թայվանի հարցը։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թայմ ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի բացառում ամերիկյան զինված ուժերի օգտագործումը Թայվանը պաշտպանելու համար հիպոթետիկ Չինաստանի ներխուժման դեպքում: