Սահմանազատումից հինգ պակաս. ի՞նչ իրավիճակ է սահմանամերձ Տիգրանաշենում․ MediaHub
MediaHub-ը գրում է․ «Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները Կիրանցում և Ոսկեպարում բուռն քննարկումների առարկա են դարձել հանրության շրջանում։ Այն, ինչից շատերը վախենում էին, և որի դեմն առնելու համար հիմք դրվեց Սրբազան շարժմանը, Տավուշում ավարտին հասցվեց, և ադրբեջանցիներն արդեն այնտեղ են:
Ըստ ամենայնի, Տավուշի մարզից դուրս, թշնամուն հանձնվող գյուղերի շարքում է նաև Տիգրանաշենը՝ որպես անկլավ: Մի քանի ամիս առաջ, երբ դեռ Տավուշում սահմանազատման գործընթացը չէր մեկնարկել, MediaHub-ը զրուցել էր Տիգրանաշենի գյուղապետ Լյուդվիգ Ստեփանյանի հետ` հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են գյուղում, արդյոք բնակիչները անհանգստացած են, սակայն գյուղապետից ստացանք պատասխան, որ մարդիկ ապրում են սովորական իրենց օրակարգով։
Անգամ ասաց՝ չի հավատում նման հեռանկարին:
Բագրատ Սրբազանը երեկ հայտնեց, որ շուտով կմեկնի Տիգրանաշեն։ Ի՞նչ իրավիճակ է հիմա Տիգրանաշենում, արդյո՞ք Կիրանցում տեղի ունեցածից հետո էլ մարդիկ շարունակում են հանգիստ լինել, թե՞ խուճապ, այդուհանդերձ, կա գյուղացիների շրջանում։
MediaHub-ը զրուցեց Տիգրանաշենի բնակչի հետ, որը կրկին հավաստիացրեց, որ գյուղի բնակիչները ապրում են իրենց առօրյայով։
«Նույն վիճակն է գյուղում, մարդիկ իրենց առօրյայով, իրենց աշխատանքով ապրում են, ոչ մի նորություն չկա։ Ինչի՞ համար խուճապ լինի. միշտ վտանգը եղել ա, նորություն չի մեզ համար»,- ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ պետական մակարդակով ոչ մի հայտարարություն չի եղել.
«Ոչ մի բան չենք բացառում, իհարկե, թե բանակցությունների ընթացքում ինչ արդյունքներ կլինեն։ Սակայն, այս պահին Տիգրանաշենի բնակիչների համար այս ամենը սովորական է, իրենք այս ամենը այնքան են լսել, որ դարձել է սովորական բան»,- ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իշխանությունը չի նախատեսում սահմանափակվել միայն Կիրանցի հատվածով, պետք է անցնել ամբողջ սահմանով, բայց թե որ հատվածում է իրականացվելու Ադրբեջանի հետ սահմանազատման հաջորդ փուլը, դեռ պարզ չէ»։