Տարաձայնություններ՝ ՌԴ-ի և Չինաստանի միջև՝ գազի գնի շուրջ․ ինչ է պահանջել Չինաստանը ՌԴ-ից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս Պեկին կատարած այցի ժամանակ չի կարողացել համաձայնության գալ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ «Սիբիրի ուժ-2» գազատարի կառուցման շուրջ, Financial Times-ին հայտնել են հարցին ծանոթ աղբյուրները:
Նրանց խոսքով՝ դա տեղի է ունեցել գլխավորապես գազի ապագա մատակարարումների գնի վերաբերյալ Պեկինի պահանջի պատճառով։ Չինաստանը ցանկացել է Ռուսաստանից գազ գնել «խիստ սուբսիդավորվող» ներքին ռուսական գներով, ինչը Մոսկվան «անհիմն» է համարել, պնդում են Financial Times-ի զրուցակիցները:
Պեկինը նաև հասկացրել է, որ մտադիր է գնել տարեկան 50 մլրդ խմ-ի միայն մի փոքր մասը, որը Մոսկվան ցանկանում է մատակարարել «Սիբիրի ուժ-2»-ով:
Քանի որ գազատարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, ռուսական խոշոր բանկերից մեկի դեռևս չհրապարակված զեկույցում, որին ծանոթացել է FT-ն, գազատարը հանվել է «Գազպրոմի» համար բազային կանխատեսումից: Դա հանգեցրել է արտահանման մենաշնորհի ակնկալվող շահույթի գրեթե 15% -ով նվազմանը 2029 թվականին, երբ, ըստ բանկի հաշվարկների, գազատարը պետք է գործարկվեր։
Ռուսաստանն արդեն Չինաստանին գազ է մատակարարում զգալի զեղչերով։ Այսպես, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մակրոտնտեսական կանխատեսման համաձայն՝ մինչև 2027 թվականը ռուսական գազը Չինաստանի համար 28 տոկոսով ավելի էժան կլինի, քան Եվրոպայում և Թուրքիայում սպառողների համար։ Այսպես, 2024 թվականին չինական շուկայի համար արտահանման գինը կկազմի 257 դոլար 1000 խմ-ի դիմաց՝ եվրոպական և թուրքական շուկաների համար 320,30 դոլարի դիմաց։ Այնուամենայնիվ, հաջորդ երեք տարիներին տարբերությունը կսկսի աճել: 2025-ին Չինաստանի համար գինը կկազմի 243,7 դոլար, իսկ Եվրոպայի և Թուրքիայի համար՝ 320,1 դոլար, 2026-ին՝ համապատասխանաբար 233 և 320 դոլար, իսկ 2027-ին՝ 227,8 և 315,4 դոլար:
Ռուսաստանը Չինաստան գազ է արտահանում «Սիբիրի ուժ» խողովակաշարով, որի առավելագույն նախագծային հզորությունը տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր է: 2023 թվականին գազատարով արտահանման ծավալը հասել է 22,7 մլրդ խմ-ի: «Գազպրոմն» ակնկալում է, որ «Սիբիրի ուժը» մինչև 2025 թվականը կհասնի Արտահանման ամբողջական հզորության:
Ռուսաստանը նաև Չինաստանին առաջարկում է կառուցել «Սիբիրի ուժ-2» գազատարը, որով Յամալի հանքավայրերից գազը կմատակարարվի չինական շուկա: Խողովակաշարի երկարությունը կկազմի 3550 կմ, որից 950 կմ-ը պետք է անցնի Մոնղոլիայի տարածքով։
Սակայն Չինաստանը չի ցանկանում ներդրումներ կատարել նոր գազատարում եւ Ռուսաստանին առաջարկում է ինքնուրույն վճարել բազմամիլիարդանոց նախագծի համար, գրել Է The South China Morning Post-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրը Մոսկվայում: Ընդ որում, Ռուսաստանն այլընտրանք չունի, քանի որ եվրոպական շուկայի փաստացի կորստից հետո երկիրը գազի «հսկայական ծավալներ» ավելացնելու տեղ չունի։ Այդ պատճառով անցյալ տարի «Գազպրոմն» արդեն մեկ քառորդով կրճատել էր արդյունահանումը, ինչը ռեկորդային էր արտահանման պետական մենաշնորհի պատմության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կոչ է արել Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակություն մտցնի միավորման հետ իր հար...
Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել
Լեմկինի ինստիտուտը պաշտպանել է Հայաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և երկրի կառավարությանը կոչ արել զսպվածությո...
Մոսկվայում գործ է հարուցվել շախմատիստ Գարի Կասպարովի դեմ
Մոսկվայում գործ է հարուցվել լեգենդար շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի դեմ: «Քրեական գործը Կասպարովին սպառնում է...
Ծեծում էին «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով․ Դանիել սարկավագը պատմեց՝ ինչպես են սևբերետավորները ծեծել իրեն
Արտաքին գործերի նախարարության մոտ օրեր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացած, ապա բերման ենթարկված Դանիել...