Եկեղեցու ներկայացուցիչների համապատասխան պահվածքի հետևանքով այդ երկխոսությունը չստացվեց․ Հարությունյան
Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության կողմից քաղաքական գործընթացների ղեկավարման պայմաններում իշխող քաղաքական ուժն ու կառավարությունը համապատասխան քաղաքական գործիքներով են հարաբերվում տվյալ կառույցի հետ։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ–ում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք 2023-ին նախատեսված եղե՞լ են եկեղեցուն աջակցության ծրագրեր, հարցրեց եկեղեցու հնարավոր հարկումից:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ 2018 թվականից հետո վարչապետի առաջարկով պետք է կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև քննարկումներ լինեին, որի արդյունքում պետք է լուծվեին որոշ հարցեր, այդ թվում՝ հարկային դաշտի, աջակցության հետ կապված: «Բայց, ցավոք սրտի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համապատասխան պահվածքի հետևանքով այդ երկխոսությունը չստացվեց»,–ասաց Հարությունյանը:
Նա, սակայն, չի բացառել ապագայում նման հնարավորությունը:
«Պարզապես, երբ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը ստանձնում է քաղաքական գործընթացների ղեկավարում, իշխանությունը՝ տվյալ պահին իշխանության գտնվող քաղաքական ուժն ու կառավարությունը, համապատասխան քաղաքական գործիքներով են հարաբերվում տվյալ կառույցի հետ»,–ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Անդրադառնալով պատգամավորի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք խոչընդոտելու միջադեպի վերաբերյալ հարցին՝ Հարությունյանը պատասխանեց. «Երբ մի կառույցի ղեկավար, տվյալ դեպքում՝ կաթողիկոսը ստանձնում է քաղաքական շարժման առաջնորդություն, և այդ շարժման ներկայացուցիչները թե՛ տվյալ օրը, թե՛ դրան նախորդող օրերին դրսևորում են հասարակական կարգը խախտելու, ոստիկանության և տարբեր ինստիտուտների ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու քայլեր, մայիսի 28-ի միջոցառման անվտանգությունն ապահովող մարմինները պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեին՝ պարզելու համար, թե արդյոք տվյալ տարածք վեղարով եկած խումբը չի պատրաստվում իրենց մյուս գործընկերների նման սադրել տվյալ միջոցառումը: Եվ, երբ պարզվել է, որ նրանք ընդամենը 2–3 րոպեով պետք է բարձրանան և հեռանան տարածքից, նրանց թույլատրվել է անցնել Սարդարապատի հուշահամալիրի տարածք»: