Չինաստանն արձագանքել է Զելենսկու մեղադրանքներին
Չինաստանն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մեղադրանքներին՝ Շվեյցարիայում խաղաղության համաժողովը խափանելու վերաբերյալ։
ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է, որ Խաղաղության համաժողովի վերաբերյալ Պեկինի դիրքորոշումը շատ բաց և թափանցիկ է։ Նրա խոսքով՝ Չինաստանն այդ հակամարտության հետ կապված երբեք «կրակին յուղ չի լցրել»։
Խոսնակը նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր միջազգային ջանքերը և մեծ նշանակություն է տալիս Ուկրաինայի հետ հարաբերություններին՝ լինելով Կիևի խոշորագույն առևտրային գործընկերը։
Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին, ելույթ ունենալով Սինգապուրում կայացած «Շանգրի-Լայի երկխոսություն» անվտանգության համաժողովում, նշել էր․ «Ցավոք, այնպիսի մեծ անկախ երկիրը, ինչպիսին Չինաստանն է, գործիք է Պուտինի ձեռքում։ Եվ այդ պատճառով ես նշեցի, որ Ռուսաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչներ աշխատում են Խաղաղության գագաթնաժողովը տապալելու ուղղությամբ»։