Սերժ Սարգսյանը՝ իրեն արդարացնելու մասին
Վստահ եղեք, որ դատախազությունը կբողոքարկի 1-ին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատարանի՝ իրեն արդարացնելու որոշմանը։
Այդուհանդերձ, նա նշել է, որ մի քանի դատավորների որոշումներով չի կարելի բնութագրել՝ մեր երկրում արդարադատություն իր բարձրության վրա է, թե՝ չէ։
«Եթե հետևել եք դատաքննության պրոցեսին, ակնհայտ էր՝ ուրիշ ընկերություններ հատկապես նրանք իբր դիմել են բողոքել էին, ի վիճակի չէին այդ ծրագիրը սահմանված ժամկետներում կատարելու, ուրիշ էլ ի՞նչ կարող էր լինել»,- ասել է նա։
Հարցին՝ սպասո՞ւմ էիք այս որոշմանը, նա պատասխանել է․
«Այնպես չէ, որ այս որոշումով երջանկացել եմ կամ այլ որոշում լիներ ես պետք է ողբերգություն ապրեի։ Հաշի առնելով այն հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր սա ինձ համար առաջին հերթին բարոյական նշանակալիություն ունի։
Երկրորդ՝ եթե նույնիսկ առաջին ատյանի դատարանը մեղադրական վճիռ կայացներ, ապա գոյություն ուներ երկրորդ ատյանի, ապա վճռաբեկ դատարան, դրանից հետո այլ դատական հաստատություններ կային, բոլոր տեղերում պետք է պայքարեինք, որ փորձեինք բարոյական այդ վնասը ինձ ու իմ գործընկերներին հասցրել էին ինչ-որ չափով մեղմեին»։
Նա նշել է, որ ամբողջ խնդիրը նրանում է, որ շատ նյութական միջոցներ չունի, եղածը բոլորին հայտնի է, և որ իր հաշիվները ինչ ունի վաղուց արգելանքի տակ է, բացի թոշակի 75 տոկոսից։