ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոտրել են «Հայփոստ»-ի դռան ապակին, զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղից հափշտակել գումարը
Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 03:30-ի սահմաններում անհայտ անձը կան անձինք Նոր Նորք վարչական շրջանի Ա. Բակունցի 4 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղի դռան ապակին կոտրել են, ապա մտել ներս ու կատարել գողություն:
Ինչպես հայտնում է կայքը, ստահակը կամ ստահակները կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը ու այնտեղից հափշտակել գումարը, ապա դիմել փախուստի:
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: