Ծառուկյանը պետք է լիներ տուժող, ոչ թե մեղադրյալ․ փաստաբանը նոր փաստաթղթեր է հրապարակել
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հայտարարել է, որ պաշտպանության կողմը Իրանի Իսլամական Հանրապետությունից ձեռք է բերել փաստաթղթեր, որոնք, ըստ նրա, հակասում են Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի հիմքերին։
Փաստաբանի խոսքով՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը 2026 թվականի փետրվարին և մայիսին Իրանի իրավասու մարմիններին բողոքներ է ներկայացրել Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի, Համլետ Թումանյանի և Հաջիալի Օլամայիի դեմ՝ խարդախության, կեղծարարության, վստահության չարաշահման, փողերի լվացման և այլ հոդվածներով։
Խաչատրյանի պնդմամբ՝ բողոքներին կից ներկայացված նյութերում կան նաև տվյալներ, որոնք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի կողմից 7,5 մլն ԱՄՆ դոլար, 7 մլն եվրո և 20 մլն դրամ տրամադրելու հանգամանքներին։
Նա նշել է, որ Իրանի դատական իշխանության պաշտոնական տեղեկատվական համակարգի համաձայն՝ այդ բողոքների հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել և ընդունվել վարույթ։
«Այս հանգամանքն առանձնակի կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ակնհայտ հակասում է ՀՀ վարույթն իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածին, ըստ որի՝ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը ներկայացվում է, թե իբրև գործել է Համլետ Թումանյանի հետ խմբի կազմում, իսկ Արման և Էրֆան Օլամայիները ներկայացվում են որպես տուժողներ։ Մինչդեռ Իրանի իրավասու մարմիններին ներկայացված պաշտոնական բողոքներն ու դրանց հիման վրա նախաձեռնված վարույթները վկայում են ճիշտ հակառակի մասին»,- գրել է փաստաբանը։
Փաստաբանի գնահատմամբ՝ այս փաստաթղթերը վկայում են, որ Գագիկ Ծառուկյանը պետք է ունենար տուժողի, ոչ թե մեղադրյալի դատավարական կարգավիճակ։
Խաչատրյանը նաև հայտնել է, որ Իրանից ստացված պաշտոնական փաստաթղթերի բնօրինակներն ու հայերեն թարգմանությունները հրապարակվել են, և նման հրապարակումները շարունակական են լինելու։