ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ավտոբուսի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում․ որն է նրանց պահանջը
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասացին ընկերության վարորդները։
«Աշխատողների նկատմամբ նա արհամարհական վերաբերմունք է ցույց տալիս։ Մեզ ասել են` ամեն 5 րոպեն մեկ 10 հոգու կարող են հեռացնել։ Նոր տնօրենը ոչ մեկին ոչ մի պարզաբանում չի ներկայացրել»,– ասաց վարորդներից մեկը։
Վարորդները հայտարարում են, որ ցանկանում են վերականգնել իրենց հին ղեկավարներին, որոնց հետ մի ընտանիքի նման աշխատել են 12 տարի։ Ասում են` մեկ ամսվա մեջ ամբողջը հեղափոխվեց։
«Ապրիլի 8-ին նոր տնօրեն է նշանակվել Սամվել Նազարյանը, որից հետո անհիմն ազատումներ են գնում ընկերությունում։ Այսօր հերթը հասել է գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին, որն այս ընկերության ստեղծման օրվանից աշխատում է այստեղ: Սամվել Ղազարյանը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի «մարդն» է, և հիմա հիմնարկը կառավարում է տրանսպորտի վարչության պետը: Տնօրենն առանց իրեն հարցնելու ոչ մի թղթի տակ ստորագրություն չի դնում»,–ասաց վարորդներից մեկը:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ բոլոր վարորդների հետ գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպում ու զրուցում են։
«Ես շաբաթ, կիրակի, անհրաժեշտության դեպքում` նաև երկուշաբթի օրերին լինում եմ բոլոր հավաքակայաններում, աշխատում եմ բոլորի հետ` հավաքակայանի պետից սկսած մինչև վարորդ»,– վստահեցրեց նա։
Նա այլ հարցերի հրաժարվեց պատասխանել` նշելով, որ շտապում է կարգավորել իրավիճակը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների: