ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեո Նիկոլյանը՝ օդանավակայանի միջադեպի մասին

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հարգալից են, տեղի ունեցածն էլ հարձակում անվանել չի կարելի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը՝ մեկնաբանելով օդանավակայանի աշխատակիցների և իր մասնակցությամբ տեսանյութը։


Նշենք, որ երեկ երեկոյան սոցիալական ցանցերում տեսանյութ տարածվեց «Զվարթնոց» օդանավակայանում արդեն ավելի քան մեկ ամիս հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի և օդանավակայանի աշխատակիցների մասնակցությամբ։ Տեսանյութն անձայն էր, ուստի անհասկանալի էր, թե ինչի մասին են զրուցում Նիկոլյանն ու աշխատակիցները։ Կադրերում երևում էր, որ աշխատակիցներից մեկը ուսով մի քանի անգամ հրում է Նիկոլյանին, ինչից հետո նա վայր է ընկնում։


«Էդ վիդեոն, որ տեսել եք, նկարել ա մի մարդ, որ հեռվից` կաֆեից ա նկարել։ Մեկ–մեկ որ ես արդեն գժվում եմ, էստեղ, էս վիճակով, 33 օր հացադուլի մեջ, մեկ–մեկ սխալներ եմ անում, նման բաներ ա լինում, բայց դա չեմ կարող անվանել իմ վրա հարձակում։ Էդ նույն անվտանգությունի աերոպորտի տղաները ինձ հա՛մ հարգում են, հա՛մ սիրում են, հա՛մ ինձ պաշտպանում են»,– լրատվամիջոցին ասաց Նիկոլյանը։


Նիկոլյանը հայտարարեց՝ այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ Հայաստանի իշխանությունը թողնում է, որ ինքը մահանա այստեղ։


Ֆրանսահայ լրագրողը նաև վիրավորված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության վերաբերմունքից․ ասում է՝ այս ընթացքում ոչ մի անգամ դիվանագիտական կառույցից չեն եկել և իր հետ չեն հանդիպել։ Իր հետ անձամբ չի հանդիպել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միայն աշխատակազմի ներկայացուցիչներ են եկել։


Նիկոլյանը նշեց, որ հրաժարվել է ոչ միայն սննդից, այլև իրեն առաջարկվող դեղորայքից, մինչդեռ ինքը մի շարք հիվանդություններ ունի, այդ թվում՝ սրտի խնդիրրներ, թոքի քաղցկեղ։ Նիկոլյանի խոսքով՝ այս պահին իր առողջական վիճակը բավարար է։ Ֆրանսիացի բժիշկների հետ խորհրդակցել է՝ առողջական վիճակը կսրվի մոտ 10 օրից։ Չնայած դրան՝ ֆրանսահայ լրագրողը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, քանի դեռ իր մուտքը հայրենիք չի թույլատրվել։