ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն, ով գիտի, նրանց հետ լիտրերով Արցախի թթի օղի է խմել. Սրբազանը՝ Բաքվում գտնվող գերիների մասին

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բաքվի բանտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ապօրինաբար պահելու փաստին՝ նշելով, որ սա մեր բոլորի անարգանքն է:


«Այս մարդու հեռանալը նաեւ այս մարդկանց բանտերից ու տառապանքից ազատելու եւ վերադարձնելու պատմությունն է: Մենք չենք կարող այսպես ապրել: Սա մի մարդու մասին չէ, ինքն այնքան փոքր մարդ է, կողքիններն էլ ավելի փոքր: Սա ավելի մեծ բանի մասին է, պատվի, արդարության վերականգնման մասին է, ճշմարտության մասին է:


Ի՞նչ է նշանակում՝ հայ մարդիկ այսօր Բաքվի բանտերում են։ Ամեն մեկս ենք էնտեղ։ Զուտ անուն-ազգանունով չեն, ոչ Ռուբեն Վարդանյանն է, ոչ Բակո Սահակյանն է, ոչ Արկադի Ղուկասյանն է, ոչ Արայիկ Հարությունյանն է, ոչ Դավիթ Իշխանյանն է, ոչ Լեւոն Մնացականյանն է, ոչ Դավիթ Բաբայանն է: Դրանք ուղղակի անուններն են: Իրենք մենք ենք, մեր հավաքական ներկայությունն է Բաքվի բանտում, էդ անարգանքը, էդ անպատվությունը բոլորիս վրա է»,- ասաց նա։


Բագրատ Սրբազանը ՀՀ իշխանությունների անգործությունը Հուդայի վարք համարեց. «Սա Հուդայի պատմությունն է։ Էդ մարդկանց հետ նստել են, հաց ու աղ են կիսել, ով գիտի՝ լիտրերով օղի են խմել՝ Արցախի թթի օղի»,- հիշեցրեց Բագրատ Սրբազանը։


Նշենք, որ Ադրբեջանում պատանդառվածների թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչներ։ Նրանք են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամնատար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը։

Քաղաքականություն