ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Դանիելյանը՝ Կիրանցի մուտքը հսկող ոստիկաններին

Այսօր կատարվող ամեն ինչը պատմություն է դառնալու, և Կիրանցը շրջափակած ոստիկանների մասին խոսելու են՝ որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից։ Այս մասին Կիրանցի մուտքի մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։


Ավելի քան 24 ժամ է` փակ են Կիրանց գյուղի երկու մուտքերը (Սարիգյուղի և Ոսկեպարի կողմից)։ Մեծաթիվ ոստիկաններ են բերվել այդ հատված։ Գառնիկ Դանիելյանին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին այսօր ոստիկանները կրկին արգելեցին գյուղ մուտք գործել։


«Մարդկանց խոշտանգելուց հետո ուրախ, զվարթ, ոնց որ Արցախը կա, էս տարածքներն անվտանգ են, Կիրանցը չեն հանձնում, համբուրվում, գրկախառնվում են, մեկ մյուսին աչքալուսանք են տալիս։ Բա վաղը, մյուս օրը ո՞նց են իրենց երեխեքի աչքերին նայելու»,- հայտարարեց պատգամավորը։


Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։

Քաղաքականություն