Լիցենզիայից զրկելու դեպքում սեփականատիրոջը պետք է վճարվի շուկայական արժեքը + 15 տոկոս. ՀԷՑ–ի նախկին տնօրեն
Լիցենզիայից զրկելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է արվի առաջարկ սեփականատիրոջը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեԼ Է ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝անդրադառնալով ՀԾԿՀ-ի ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելուն:
«Չհամաձայնելու կամ անգործություն ցուցաբերելու, չպատասխանելու դեպքում արդեն պետք է, ըստ ինձ, 60 հոդվածի համաձայն գերակա շահի խնդիր պետք է ճանաչվի և բնականաբար վճարվի շուկայական արժեք գումարած 15%։ Այդպես է պետությունը գերակա շահը ճանաչում՝ անկախ գնահատողի կողմից տրված գնահատական պլյուս 15% սեփականատիրոջը պետք է վճարվի»,- ասել է Ղազինյանը:
Նա հավելել է. «Ես առաջին օրվանից, երբ դեռևս վարույթը չէր նախաձեռնվել, ժողովրդին տեղեկացրել եմ, որ ժողովուրդ ջան, մի քանի հարյուր միլիոն դոլար պետությունը պետք է վարկերը տեղափոխի իր վրա, այսինքն պետական երաշխիք տա, որը արդեն հանդիսանում է պետական պարտք, և մի քանի հարյուր միլիոն դոլար էլ պետք է վճարի սեփականատիրոջը։ Մեր պաշտոնյաները շատ խելոք, լուրջ դեմքով ասում են՝ մենք գումարն ունենք, բյուջեն և այլն։ Բայց անգամ արտաքին պարտք ներգրավելու դեպքում էլ մենք բոլորս ենք դա վճարելու, ինչպես այսօրվա եղած արտաքին պարտքը»։





























