2026 թվականը բուռն ընտրական տարի է լինելու. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
2026 թվականը բուռն ընտրական տարի է լինելու: Տարվա առաջին կեսին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները, այնուհետև աշնանը տեղի են ունենալու ամենաշատ ՏԻՄ ընտրությունները, մասնավորապես, 70 համայնքից 46-ում ունենալու ենք ընտրություններ: Այսինքն՝ համայնքների 65 տոկոսում տեղի են ունենալու ընտրություններ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Ընտրական բուռն տարին է պատճառը, որ, ըստ հանձնաժողովի նախագահի, ԿԸՀ բյուջետային հայտը 2026 թվականի համար շատ մեծ է:
«ՏԻՄ ընտրությունների համար հատկացվելու է 2,5 մլրդ դրամ, ԱԺ ընտրությունների համար՝ 4 մլրդ 451 մլն դրամ: 2021 թվականին ՏԻՄ ընտրություններին բյուջեից հատկացվել է 1,7 մլրդ դրամ, 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ՝ 2,8 մլրդ դրամի կարգի գումար»,- ասել է նա:
2024 թվականին Հայաստանի ԿԸՀ-ն ընտրվել է Ընտրական մարմինների միջազգային ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ: Վահագն Հովակիմյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է, որ 2026 թվականի մարտին Հայաստանում կանցկացվի ասոցիացիայի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում ՀՀ կժամանեն 18 երկրի ԿԸՀ ներկայացուցիչներ: Այս միջոցառման իրականացման շրջանակում ակնկալվում է, որ պետբյուջեից ԿԸՀ-ին կտրամադրվի 30 մլն դրամ:





























