ՀՌԱ նախագահը չի բացառել, որ Tik Tok-ը ՀՀ-ում սահմանափակվի

ՀՌԱ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է, թե հանրային մուլտիպլեքսի հետ կապված խնդիրը հակահայկական քարոզչությունը չէ, այլ կան ծրագրեր, որ արտացոլում են իրենց երկրում տիրող նորմերը. «Այդ երկրում, ինչ նրանք քարոզում են, կարող են նորմ լինել իրենց հասարակակարգի, քաղաքական ինստիտուտների, ավանդույթների ու մշակույթների համար, բայց մեզ համար դրանք մերժելի են։ Այդպես էլ է լինում»,- ասել է նա՝ օրինակ բերելով օրինակ բազմակնությունը. «Տեսական եմ ասում, բայց բազմակնություն չքարոզեն»։


Հակոբյանը նաև նշել է, թե ատելության խոսքը, բռնության քարոզը հաճախ գեներացվում է հանրային մուլտիպլեքսից դուրս. «Հեռուստալսարանի կառուցվածքը նայելիս երևում է, որ երիտասարդները գրեթե հեռուստացույց չեն նայում»,- ասել է նա՝ հավելելով,- «Իրենց վրա ազդում են «Tik Tok»-ները, տարբեր կայքեր, յութուբյան ալիքներ։ Երբ քննարկում էինք քրեական ենթամշակույթի ազդեցությունը, բերեցինք օրինակ, որ «Слово пацана» ֆիլմը Հայաստանում չի ցուցադրվել ընդհանրապես՝ ոչ հանրային մուլիտպլեքսում, ոչ կաբելային ցանցերում։ Բայց երբ մտնում ես դպրոց, բարձր դասարանի, ավագ դպրոցի աշակերտները խոսում էին այն սլենգով, որով խոսում էին սերիալի հերոսները։ Որտե՞ղ են նրանք դա նայել՝ այն դաշտում, որ հանձնաժողովի կողմից չի կարգավորվում»։ Ըստ Հակոբյանի՝ ամեն տարի 5-7%-ով նվազում է հեռուստատեսության դիտելիությունը։


Ըստ Հակոբյանի՝ ամենաժողովրդական երկրները սահմանափակում են «Tik Tok»-ը. «Եթե կարիք լինի, մենք էլ կարող ենք անել»:


Նրա խոսքով, «թանկ հաճույք է, բայց պետք է մտածենք վտանգավոր բովանդակության հարթակների ազդեցությունը մեր հասարակության վրա սահմանափակելու մասին»:

Քաղաքականություն