ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել»․ իրավիճակը՝ Տավուշում

Տավուշցիները վաղ առավոտից հավաքվել են Կիրանց գյուղի կամրջի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կիրանցիներից մեկը։ Ըստ լուրերի՝ այսօր կամրջի այս հատված մարդիկ են գալու մոտակայքում ականազերծման և այլ աշխատանքներ իրականացնելու համար։


Նրա խոսքով՝ գյուղացիները շարունակում են փակ պահել նաև Կիրանց-Աճարկուտ-Ոսկեպար ճանապարհը։ Մարդիկ ամբողջ գիշեր շարունակել են այնտեղ մնալ։


Նշենք, որ ըստ հրապարակված քարտեզների՝ Կիրանցի կամուրջը ևս հանձնվելու է Ադրբեջանին, թեպետ կադաստրով գյուղի հաշվեկշռում է։


Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը։ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:


Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Ապրիլի 23-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։


Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտներն էլ դասադուլ են անում` հանուն հայրենիքի։ Այս մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունից։


Քաղաքականություն