Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի. ԿԶԵՀ
Ակտիվ սեյսմիկ գոտում գտնվող Հայաստանում երկրաշարժի դեպքում վնասը կարող է հասնել 2,4 մլրդ դոլարի։ Նման հաշվարկ է ներկայացված «Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա տարերային աղետների հնարավոր ազդեցության գնահատումը» հետազոտության մեջ, որը պատրաստել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) վերլուծաբանները:
Հետազոտության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ, որոնք ներառում են համակարգված տեղեկատվություն աշխարհագրության, կլիմայի, ժողովրդագրության և տնտեսության վերաբերյալ, ինչպես նաև նախորդ բնական աղետների վերաբերյալ տվյալների ամփոփագիր և վերլուծություն:
Նշվում է, որ 1992-2023թթ.-ի ընթացքում Հայաստանում առավել տարածված բնական աղետները եղել են փոթորիկները (38%) և ջրհեղեղները (23%): Սակայն առավելագույն վնասը պատճառել է 2000 թվականի երաշտը (2022 թվականի գներով՝ 170 մլն դոլար) և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը (2022 թվականի գներով՝ 34,6 մլրդ դոլար)։
Երկրաշարժերից ուղղակի կորուստները երկրում կարող են հասնել 2,4 մլրդ դոլարի (2022 թվականի ՀՆԱ-ի մակարդակի 12,3%-ը)։ Առավել խոցելի է Լոռու մարզի հարավային հատվածում գտնվող շրջանը, ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է հնարավոր ծայրահեղ երաշտին, ՀՀ տնտեսական կորուստները կարող են կազմել ՀՆԱ-ի 4-5 տոկոսը։ Նման գնահատականը ենթադրում է առավել խոցելի շրջաններում (Արարատ, Արմավիր և Արագածոտն) ցանքատարածությունների լիակատար ոչնչացում, ինչպես նաև անասնապահության արտադրանքի ծավալների նվազում:
ԿԶԵՀ փորձագետները գործողությունների ալգորիթմ են մշակել, որը կարող է օգտագործվել մակրոտնտեսական պարամետրերի և պետության պարտքային կայունության վրա բնական աղետների ազդեցությունը գնահատելու համար:
«Ներկայացված մոտեցումն ու գնահատականները կարող են օգտագործվել ֆիսկալ ռազմավարությունների մշակման, ինչպես նաև բնական աղետներին դիմակայելու և դրանց հետևանքներին հարմարվելու ռազմավարությունների մշակման համար»,-նշում է գործադիր տնօրենի տեղակալ, ԿԶԵՀ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Ուլատովը:
Դա, նրա խոսքով, կնպաստի ֆինանսական ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանն ու տնտեսական զարգացման կայունության ապահովմանը: