Վթարի հետևանքով մահացած չորս զինծառայողները ժամկետայիններ էին. NEWS
NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 12–ին զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին։
Արեգ Արմենի Քերոբյանը և Դավիթ Համբարձումի Հակոբյանը Գեղարքունիքի մարզից էին, Սլավիկ Վարդանի Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը՝ Արարատի մարզից։
Մեղրիի հատվածում ապրիլի 12–ին զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհված 20-ամյա ժամկետային Սլավիկ Վարդանի Վարդանյանը Վանաձորից էր։
Սլավիկը իրենից մեծ մեկ քույր ուներ։
«Խեղճ, հասարակ ընտանիք էր։ Վարձով էին ապրում»,- պատմել են լրատվականին:
Ժամկետային զինծառայող, 19–ամյա Արեգ Քերոբյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքից էր:
NEWS.am-ի հետ զրույցում Ներքին Գետաշենի համայնքապետ Ռուբեն Զուլոյանը պատմել է, որ Արեգը մեկ տարի առաջ էր ծառայության մեկնել:
Նա մեկ քույր և եղբայր ունի։ Քույրն ուսանող է, կրտսեր եղբայրը՝ դպրոցական։ Արեգի հայրը արտագնա աշխատանքով է զբաղվում, մեկ շաբաթ առաջ էր մեկնել արտագնա աշխատանքի։