Հայտնի է, թե որ ֆուտբոլիստն է Դանի Ալվեսի համար գրավ վճարել
Մադրիդի «Ատլետիկոյի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը օգնել է բրազիլացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսին 1 մլն եվրո գրավի դիմաց դուրս գալ բանտից: Այս մասին հաղորդում Է Daily sports-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ինքը՝ Դանի Ալվեսը, նման գումար չի ունեցել պարտքերի և բանկային հաշիվների սառեցման պատճառով։ Մեմֆիս Դեպայը 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում համատեղ ելույթների ժամանակ ընկերացել է բրազիլացի ֆուտբոլիստի հետ:
Անցյալ տարվա հունվարին 40-ամյա Դանի Ալվեսին մեղադրանք էր առաջադրվել Բարսելոնայի «Սաթոն» գիշերային ակումբում աղջկա բռնաբարության համար: Հունվարի 20-ին նախկին ֆուտբոլիստը կալանավորվել էր։ Ավելի ուշ բրազիլացուն դատապարտել են 4,5 տարվա ազատազրկման, ինչպես նաև պարտավորեցրել են 150 հազար եվրո վճարել տուժողին՝ որպես բարոյական փոխհատուցում: Ընդ որում, Իսպանիայի դատախազությունը մտադիր էր բողոքարկել դատարանի որոշումը՝ համարելով, որ Ալվեսը պետք է ավելի շատ ժամանակ գտնվի անազատության մեջ: