ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլը մի ժեշտակտոր ա վերցրել՝ էդ ա՞ մեր սահմանը. Որ սահման չգիտես, մի խոսա». ոսկեպարցի կին
Երեւանից Ոսկեպար գալիս ճանապարհին հուշարձան-աղբյուր կա, դա իմ ամուսնու հուշարձան-աղբյուրն է, դա ընկնելու է թշնամու սահմանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ոսկեպարի բնակչուհին, որը նաեւ գյուղի խանութում է աշխատում. «Ես ինքս էլ 1990-ականներին, կին լինելով, կռվել եմ, մասնակցել եմ, դրա համար հիմա ոչ ահ ունեմ, ոչ վախ: Նիկոլը կռվի մասնակի՞ց է եղել, գիտի՞ ինչ է կռիվը: Գիտի՞, որ այստեղ հուղարկավորված հարազատներ ունենք: Եթե ինքն էլ ունենա հարազատ Ոսկեպարում թաղված, էդպես հեշտ չի տա: Գեղազնիկ Միքայելյանը (ազգային հերոս է-խմբ) իմ տանն է եղել:
Մենք արյուն ենք թափել, ո՞նց հող տանք: Տալիս ենք, բայց թող իրենք էլ մեր հողերը տան: Մեր Բերքաբերից գիտե՞ս ինչքան հող ունենք, 900 հեկտար, էնտեղ ջրհան կայան ենք ունեցել, ես այնտեղ ամուսնուս հետ աշխատել եմ:
Հիմա էլ եկել ասում են՝ ոսկեպարցիք թող գան, գնանք ցույց անեն: Մենք տեղով ցույց ենք: Թող մի օր Նիկոլը ընտանիքով գա»,-ասաց նա:
Ոսկեպարցի կինը ափսոսանք հայտնեց, որ չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. «Կգնայի, կասեի՝ դու Ոսկեպարում եղե՞լ ես, Ոսկեպարում կռվե՞լ ես: Թող գա Միքայելյան Սասունը, որ հիմա ԵԿՄ ղեկավար է, թող գա:
Մեր գյուղապետն ասում է՝ գոնե գետից այս կողմ չգան: Նիկոլը հարցնում է՝ գետը ո՞րտեղ ա: Մի ժեշտակտոր է վերցրել, ասում ա՝ էս ա: Դա՞ է մեր սահմանը: Որ սահմանը չգիտեք, մի խոսեք: Մի հատ Վազգեն լինի, էլ ուրիշ ոչ մի բան չեմ ուզում»,-ասաց նա: