ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոման Բաղդասարյանը փախել, մտել է դպրոցի զուգարան ու դուրս չի գալիս. Արթուր Չախոյան
Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ Մաշտոցի պողոտայում պատահաբար հանդիպել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին, ով նախորդ տարվա սեպտեմբերին հրապարակել էր իր անձնագրային տվյալները, թե իբր ինքը ՌԴ քաղաքացի է և գործակալ։
Ինչպես հայտնում է Չախոյանը, նա ցանկացել է այս առիթով որոշ պարզաբանումներ պահանջել, սակայն Ռոման Բաղդասարյանը, ով, ըստ բլոգերի, քայլում էր քրեական ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ, մտել է մոտակա դպրոց և փակվել զուգարանում։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ այս տարվա փետրվարին Բաղդասարյանը դիմել է իրավապահներին, այդ դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, Բաղդասարյանը ճանաչվել է տուժող։ Ոստիկանության քննիչի որոշմամբ հանձնարարվել է ապահովել նրա անվտանգությունը։
Լրատվամիջոցը գրում է․ «Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես և ինչու է Բաղդասարյանը մտել դպրոցի շենք, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է, քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի խոսքով՝ ո՛չ Բաղդասարյանը, ո՛չ Չախոյանը և ո՛չ էլ այլ անձինք իրավունք չունեն առանց թույլտվության մտնել այնտեղ:
Դպրոցի անվտանգությունն այս դեպքում ապահովում էր պահակը, որն էլ պետք է կանխեր կողմնակի անձանց մուտքը շենք։ Սակայն պահակը, Կոստանյանի ենթադրությամբ, կամ չի կարողացել դա անել, կամ տեղում չի եղել։ Ավելի ուշ, երբ դպրոցի տնօրենն իմացել է միջադեպի մասին, զանգահարել է ոստիկանություն, և նշված բոլոր անձինք հեռացել են դպրոցի շենքից»: