ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Անհամատեղելի է այդ ամենը»․ գիտնականները դուրս են եկել բողոքի ակցիայի

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել, քանի որ իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։


Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ (միավորվում է 3 կառույց` Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, Օրգանական քիմիայի ինստիտուտը և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը) կառուցվող բնակելի շենքի շինթույլտվությունը Երևանի քաղաքապետարանը տվել է 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։


«Հորատման աշխատանքներն արդեն սկսվել են, ցնցումներ են լինում, աղմուկ ու փոշի, այդ իսկ պատճառով մենք չենք կարողանում մեր գիտական գործունեությունը ծավալել։ Անհամատեղելի է այդ ամենը»,– նշեց ինստիտուտի աշխատակիցներից մեկը։


«Հորատման աշխատանքներն արդեն սկսվել են, և այդ աղմուկի, ցնցումների պատճառով մենք չենք կարողանում կատարել մեր գիտական աշխատանքերը: Շինարարությունը և գիտական աշխատանքներն անհամատեղելի են: Ինստիտուտի տարածքը վերածվել է շինհրապարակի, շուտով կռունկ էլ կտեղադրեն, և մեր աշխատանքն ամբողջությամբ կխաթարվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Սահակ Գասպարյանը: