«Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա». ՄԻՊ

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ադրբեջանական AzTV-ն տեսանյութ էր հրապարակել՝ իրազեկելով Բաքվի բանտում ապօրինաբար պահվող ԼՂ նախկին ղեկավարների հետ հարցազրույցներ անելու մասին:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը:

«Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։


Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։


Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից:


Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։


Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։


Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։


Պաշտպանի՝ այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։