Հետապնդվել ու բռնվել է ՀՀ-ում հայտնի ՍՊԸ-ի աշխատակիցը, խոշոր չափի թմրամիջոցներ էր փորձում իրացնել
Այսօր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը Երևանում թմրամիջոցներ է ձեռք բերել և այն իրացնում է։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվում է, որ նա գտնվում է Անդրանիկի փողոցում և 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սամվել Սողոմոնյանն ու Դավիթ Ասատրյանը հայտնաբերում են կասկածյալին, ում թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Արդեն ոստիկանությունում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է փաթեթ՝ զիպ տոպրակներով և ժապավեններով փաթեթավորված, որոնց մեջ առկա է լինում շագանակագայն կոշտ զանգվածներ՝ ընդհանուր 21․45 գրամ քաշով։
Փաստերի ճնշման տակ կասկածյալը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Պ․-ն է հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ինքը վերցրել ՝ «Տելեգրամ» սոցիալական կայքի օգտատիրոջ նշած X վայրից և դրանք ինքը պետք է այդ օգտատիրոջ մատնանշած վայրերում հետագայում տեղադրեր ու դրա դիմաց իրեն խոստացել էին գումար։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք և կասկածյալ Վարդան Պ․-ն ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վարդան Պ․-ն աշխատում է Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում ու երբ պարեկները նրան նկատել են, փորձել է դիմել փախուստի, սակայն անարդյունք։