Այսօր Մարտունու բնակիչները կրկին բողոքի ակցիա կանեն, պատճառը փչացող գյուղմթերքն է․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Մարտունու բնակիչները կրկին բողոքի ակցիա կանեն, պատճառը փչացող գյուղմթերքն է՝ կաղամբն ու կարտոֆիլը, որը ներմուծվող գյուղմթերքի պատճառով օր-օրի արժեզրկվում ու փչանում է։ Մարտունի համայնքի Զոլաքար գյուղի բնակիչներից Նվերը մեզ ասաց, որ հարեւան գյուղերից եւս միանալու են ակցիային, պատրաստվում են ճանապարհ փակել․
«Կաղամբն ու կարտոֆիլը չեն սպառվում, դիմել ենք մեր տեղական իշխանությանը` 10-15 օր առաջ, որ մեր հարցին լուծում տան։ Աշնանից մինչեւ հիմա պարսկական ու թուրքական կաղամբը ներմուծել են, ծախել են, մերը մնացել՝ փչանում է։
Մի քանի օր առաջ ճանապարհը փակեցինք, մեր տեղական իշխանությունները եկան, ասեցին, որ հարցին մի լուծում կտան, պետք է սպասել մինչեւ երկուշաբթի։ Այսօր գնացել ենք, ասում են՝ էլի պետք է սպասեք, տեսնենք, թե ոնց է լինում այդ հարցը։ Բայց ապրանքը չի սպասում, արդեն փչանում է, մենք էլ ուզում ենք ճանապարհ փակել, որ կառավարությունը մեր հարցին լուծում տա` կա՛մ մեզ քոչացնի այստեղից, կա՛մ էնպես անի, որ մեր ապրանքը սպառվի, մի ելք գտնի»:
Վերավաճառողները կարտոֆիլն իրենցից լավագույն դեպքում 50 դրամով են ուզում գնել, իսկ «պարոն Ալեքսանյանի սիթիում 250 դրամ է, երեւանցին էլ ասում է՝ գյուղացին ինչ անշնորհք մարդ ա, 250 դրամով կարտոշկա ա ծախում, չի բավարարվում»։