Մենք տարբեր երկրներից ձեռք ենք բերել ռազմական անվտանգային միջոցներ․ Վաղարշակ Հակոբյան

Մենք ունենք իրավիճակ, երբ ամեն տարի մեր արտահանումը ԵԱՏՄ երկրների հետ տասնյակ տոկոսներով աճում է. սա բավականին դրական դինամիկա է։


Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:


«Բայց մենք ունենք իրավիճակ, որ մեր արտահանման մի զգալի մասն էլ գնում է Եվրոպա: Շատ կարևոր է, որ մենք խորացնենք մեր համագործակցությունը թե՛ եվրոպացի մեր գործընկերների հետ, թե՛ ԵԱՏՄ անդամ մեր գործընկերների հետ: Բայց մենք մինչեւ հիմա ԵԱՏՄ մաքսային միության անդամ ենք եւ պետք է իրավիճակները գնահատենք այս ռակուրսից: Ես կարծում եմ՝ մենք կարող ենք ավելի շատ դիվիդենտներ ունենալ եվրոպացի մեր գործընկերների հետ համագործակցությունից, քան ունենք մինչեւ հիմա: Ես չափազանց կարեւոր եմ համարում այն մոտեցումը, որ ունի Հայաստանը: Մենք պետք է մեր հաշվարկներում ճիշտ լինենք, շատ երկար ու լուրջ ուսումնասիրենք մեր հնարավորությունները նաեւ արտահանման մասով:


Եթե ինչ-որ տեղ ունենք թերություններ, որը մեզ խանգարում է ավելի լայն ներգրավվածություն ունենալ այդ շուկաներում, մենք պետք է դրանք շտկենք: Կտրուկի հարց չկա, մենք իրականացնում ենք այն գործողությունները, որոնք նպաստ են բերելու Հայաստանին նաեւ տնտեսական մասով»,- ասաց պատգամավորը:


Միևնույն ժամանակ վերջինս նկատեց․ «Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, վերջին մի քանի տարիներին հսկայական տնտեսական աճ է ունեցել մեր արտահանումները անգամներով ավելացել են: Մենք տարբեր երկրներից ձեռք ենք բերել ռազմական անվտանգային միջոցներ: Մենք շատ լավ համագործակցություն ունենք այն երկրների հետ, որոնք ոչ ԵԱՏՄ-ում են, ոչ եվրոպական բլոկում են, եւ հակադրել Հայաստանի պետական շահը և այդ շահից բխող գործողություն, որը միտված է մեր անվտանգության բարձրացմանը, որեւէ այլ երկրի պետական շահի հետ, ես սա չեմ համարում ճիշտ իրավիճակային գնահատական»:


Ի դեպ նա նաև խոսել է Հայաստանի հատոկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականից և հնարվոր տարաձայնություններից:


Առնվազն ես չգիտեի Էդմոն Մարուքյանի հետ որեւէ տարաձայնության մասին: Միգուցե Մարուքյանը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին, ինչը ես նորմալ եմ գնահատում,-ասում է ՔՊ-ական պատգամավորը:




Քաղաքականություն