ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարները ներկել ու կտրել են Բալֆուրի դիմանկարը Քեմբրիջի համալսարանում
Բրիտանական Palestine Action շարժման մասնակիցները փչացրել են նախկին վարչապետ (1902-1905) եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար (1916-1919) Արթուր Բալֆուրի դիմանկարը, որը կախված էր Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջի պատից: Այս մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես երևում է տեսանյութից, վանդալները սկզբում կտավը ներկել են կարմիր ներկով, իսկ հետո կտրել այն սուր առարկայի օգնությամբ։ Այս նկարն արվել է 1914 թվականին անգլո-հունգարացի նկարիչ Ֆիլիպ Ալեքսիս դե Լասլոյի (1869-1937) կողմից։ Այս քայլով ակտիվիստները դատապարտել են Բալֆուրի դարավոր գործողությունները՝ ուղղված հրեական պետություն ստեղծելուն։
«Բալֆուրի հռչակագիրը» հրատարակվել է 1917 թվականի նոյեմբերի 2-ին։ Փաստաթղթում, որն ուղարկվել է բրիտանական հրեական համայնքի ներկայացուցիչ Ուոլտեր Ռոտշիլդին, ասվում է, որ Լոնդոնը բարեհաճ է վերաբերվում «Պաղեստինում հրեա ժողովրդի համար ազգային օջախի վերականգնմանը եւ բոլոր ջանքերը կներդնի այդ նպատակին հասնելը հեշտացնելու համար»:
Միացյալ Թագավորության փոխվարչապետ Օլիվեր Դաուդենը դատապարտել է վանդալների գործողությունները։
«Մեղավորները պետք է պատասխանեն օրենքի ողջ խստությամբ», - գրել Է նա X-ում (նախկինում Twitter-ում):
Քաղաքական բռնության հարցերով կառավարության խորհրդական Ջոն Վուդքոքը աղաղակող է անվանել պաղեստինամետ ակտիվիստների արարքը։
«Մենք չպետք է համակերպվենք այն ցուցարարների հետ, ովքեր կարծում են, որ կարող են խուսափել (նկարների) անխոհեմ փչացումից», - նշել է նա:
Քեմբրիջի ոստիկանությունում հայտնել են, որ միջադեպին մասնակից անձինք դեռ չեն ձերբակալվել: Թրինիթի քոլեջի ղեկավարությունը նշել է, որ «ցավում է դիմանկարին հասցված վնասի համար»: