Հայաստանի որոշ ռեզիդենտ քաղաքացիներ մինչև մայիսի 1-ը պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր

Հայաստանի որոշ ռեզիդենտ քաղաքացիներ պետք է 2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ ներկայացնեն եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Աշոտ Սեմերջյանը տեղեկացրեց, որ այս փուլում հարկային մարմին հայտարարագիր պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները՝ քաղաքացիական, հարկային, մաքսային ծառայողները, նաև նրանք, որոնք 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիներ են։ Հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։


«Այդ փոխառությունները կարող են ստացված լինել ինչպես կազմակերպություններից, այնպես էլ ֆիզիկական անձանցից։ Այդ փոխառությունները կարող են լինել ինչպես տոկոսով վերցված, այնպես էլ անտոկոս։ Հավելեմ, որ չեն ներառվում վարկեր ստացած ֆիզիկական անձինք»,-ասաց Աշոտ Սեմերջյանը։


Հայաստանի որոշ ռեզիդենտ քաղաքացիների համար նախատեսված համակարգն ամբողջությամբ պատրաստ է, արդեն գործնականում այն բաց կլինի մարտի վերջ։ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը նշեց, որ բոլոր տեխնիկական հարցերը կարգավորված են։ Այս փուլում շատ կարևոր է, որ հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներ պատրաստված լինեն։


«Պատրաստված ասելով՝ նկատի ունեմ ունենան ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն, անցնեն նույնականացման գործընթաց։ Իմ հորդորն է բոլոր այն քաղաքացիներին, որոնք պետք է ներկայացնեն հայտարարագիր ու ներկայում չունեն ID քարտ կամ էլեկտրոնային ստորագրություն, անպայման այդ հարցերով զբաղվեն»,-ասաց Լուսինե Այվազյանը։


Պատասխանատուների գլխավոր հորդորն է այսօրվա գործը չթողնել վերջին օրվան ու բոլոր անհրաժեշտ գործիքակազմն ունենալուց և համակարգի գործարկվելուց հետո սկսեն եկամուտների հայտարարագրումը։ Լուսինե Այվազյանը վստահեցրեց, որ առանձնապես բարդ գործընթաց չէ։ Եթե կլինեն սխալ լրացված տվյալներ, ապա հետագայում այն շտկելու հնարավորություն կլինի։


«Նույնականացումից հետո անձը պետք է հաշվառվի, ստանա ՀՎՀՀ, որից հետո կարող է մուտք գործել հայտարարագիր էջ, որի մեծ մասն ինքնաշխատ լրացվելու է։ Դա պատշաճ կատարելու համար մենք համագործակցում ենք այլ պետական կառույցների հետ։ Համակարգը լինելու է բավական պարզ, ներառելու է ընդամենը մի քանի բաժին»,-ասաց Լուսինե Այվազյանը։ Համակարգը հասանելի է լինելու նաև բջջային հավելվածով։


Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։ Հայտարարագիր ներկայացնող անձը կարող է օգտվել փոխհատուցումից ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամն է։ Կրթության գծով՝ տարեկան առավելագույնը 100.000 դրամը։ Անհրաժեշտ է հիշել, որ ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ:

Քաղաքականություն