Էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ hաճախ հնչող հարցեր. մաս 2

Առողջապահության նախարարությունը ներկայացել է էլեկտրոնային դեղատոմսերի մասին հաճախ հնչող հարցերի վերաբերյալ տեղեկությունների երկրորդ մասը:

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ, իսկ երկրորդը ներկայացնում ենք ստորև.

1. Տարեցները, հենաշարժողական խնդիր ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու էլեկտրոնային դեղատոմսից:

Պացիենտը կամ նրա կողմից լիազորված անձը (պացիենտի կողմից տրված գրավոր համաձայնություն) կարող է դիմել դեղատուն և ստանալ դեղն` առանց ավելորդ թղթաբանության:

Այն պացիենտները, որոնք արդեն իսկ ունեն լիազորված անձ և վերջինս շարունակելու է մնալ լիազորված անձ, բժիշկը նրա անունը մուտք է անում էկեկտրոնային համակարգ։

2. Հորմոնային դեղերի դուրսգրումը էլեկտրոնային դեղատոմսով արդյո՞ք անհարմարություն չի պատճառի, օրինակ` էնդոկրին հիվանդանդություններ ունեցող անձանց, ովքեր երկարաժամկետ կտրվածքով ընդունում են հորմոնային դեղեր:

Խնդիրներ չպետք է առաջանան այն պատճառով, քանի որ նույն դեղատոմսերը բժիշկը կարող է դուրս գրել երկարաժամկետ: Դեղատոմսը կարող է դուրս գրել ինչպես տվյալ հետազոտությունը և դեղը նշանակած նեղ մասնագետը, այնպես էլ խորհրդատվության թերթիկով` տեղամասային բժշկի կողմից: Պացիենտի հսկողությունն այդ դեպքում իրականացնում է ինչպես նեղ մասնագետը, այնպես էլ իր բժիշկը:

3. Արդյո՞ք էլեկտրոնային դեղատոմս ձեռք բերելու համար պոլիկլինիկաներում անվերջ հերթեր չեն առաջանա:

Պոլիկլինիկաների հերթերը կառավարվում են էլեկտրոնային համակարգով: Այս պահին Երևանի բոլոր պոլիկլինիկաներն ունեն առցանց հերթագրման եղանակ` հավելվածի միջոցով, ինչպես նաև քաղաքացիները կարող են նախապես զանգահարել մատենավարման բաժին, հերթագրվել, և նշված ժամին դիմել: Այս պահին աշխատանքներ են տարվում մարզային պոլիկլինիկաների հետ, որպեսզի նրանք նույնպես կազմակերպեն առցանց հերթագրումը, ինչը կբերի նաև հերթերի կառավարմանը:

4. Քրոնիկ հիվանդությունների դեպքում հնարավոր չէ՞ դեղատոմսը ստանալ առցանց։

Ցանկացած քրոնիկ հիվանդություն պահանջում է դինամիկ հոսկողություն և քրոնիկ հիվանդության դեպքում նույնպես ժամանակ առ ժամանակ թե՛ բժշկի խորհրդատվություն, թե՛ հետազոտություն է պահանջվում, ուստի, առանց պացիենտին զննելու, դեղերի դուրսգրումը թույլատրելի չէ: Բացի այդ, կա նաև երկարատև դեղատոմսի ձևաչափ, որի դեպքում դեղը դուրս է գրվում միանգամից 180 օրվա համար:

5. Արդյո՞ք չի խախտվում պացիենտների մասին տեղեկատվության գաղտնիությունը:

Դեղատան աշխատակիցը չի տեսնում պացիենտի ախտորոշումը, այլ միայն պացիենտի տվյալները և դուրսգրված դեղաքանակը, ինչը նախկինում էլ արտացոլվում էր թղթային դեղատոմսի մեջ: Որևէ լրացուցիչ հետազոտություն և այլ տեղեկատվություն էլեկտրոնային դեղատոմսը չի պարունակում: