«Այս որոշումից գոհ եմ». Տիրան Խաչատրյանը` ազատ արձակվելու մասին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը գոհ է կալանքից ազատ արձակվելու որոշումից։ Նա այդ մասին ասաց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ` պատասխանելով լրագրողների հարցերին։
Նշենք, որ քիչ առաջ դատարանն ազատ արձակեց Տիրան Խաչատրյանին և որպես խափանման միջոց ընտրեց 5 մլն դրամ գրավն ու բացակայելու արգելքը։
«Սա դեռ վերջնական չէ, բայց միջանկյալ հատվածի համար այս որոշումից գոհ եմ։ Այն, ինչ տեղի է ունեցել, ու իմ սպասելիքը, որ հենց այսպիսի որոշում պետք է լիներ, այդքան էլ սա չէր։ Դեռ դատաքննություն է ընթանալու, մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց ցուցմունքներում էլ ասել եմ` ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Ես բնույթով, բնավորությամբ և էությամբ այդպիսի մարդ չեմ, որ ինձ նման արարք թույլ տամ»,– ասաց Խաչատրյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ կրակոց է հնչել, 1 անձ վիրավորվել է, գեներալ–լեյտենանտը պատասխանեց` հետագայում ամեն ինչ կպարզվի, թե այդ կրակոցն ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, և ինչպես է այդ անձը վիրավորում ստացել։ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալը վստահեցրեց` ինքը որևէ մեկին վնասելու, առավել ևս վիրավորելու փորձ չի արել, չնայած որ շատ ավելի վատ բաներ անելու հնարավորություն է ունեցել։
Խաչատրյանը դեռ նախաքննության ժամանակ կողմնակալ մոտեցում է նկատել իր նկատմամբ։ Նա հակված է մտածել, որ դա դա կապված է իր քաղաքական դիրքորոշման հետ։
Հիշեցնենք` հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում վիճաբանություն է եղել մոտ 10 անձի միջև։ Ըստ ՔԿ–ի` վիճաբանության ընթացքում Տիրան Խաչատրյանն ատրճանակից օդ է կրակել, իսկ երբ ներկաները ցանկացել են կանգնեցնել նրան և ձեռքից վերցնել ատրճանակը, արձակել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը։
2024թ. հունվարի 13-ին Տիրան Խաչատրյանին մեղադրանք ներկայացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը։
Այս գործով ևս 3 անձ կա կալանավորված։
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ պետը` սահմանային կուտակումների լուրերի մասին
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատել է հարաբերական կայուն։ Նա հերքել է լուրերը, թե կուտակումներ կա...
Փաշինյանի որոշմամբ Էդմոն Մարուքյանն ազատվել է պաշտոնից
Վարչապետի որոշմամբ Էդմոն Մարուքյանն ազատվել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:«Ղեկավարվելով «Դիվանագիտա...
Դատավորները ներքին խմբում հայհոյել են գործող իշխանություններին, դրա համար ստիպում են դիմում գրել. «Ժողովուրդ»
«Դատավորները մնացել են անպաշտպան, բոլոր կողմերից «կրակում» ու ճնշում են, որի հետեւանքով շատերը, չդիմանալով իրավիճակին, դ...
Ոչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ. Արմեն Գրիգորյան
Ոչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն` որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ։ Ազգային ժողովում ճեպազրույցի...