
Դատավորները ներքին խմբում հայհոյել են գործող իշխանություններին, դրա համար ստիպում են դիմում գրել. «Ժողովուրդ»

«Դատավորները մնացել են անպաշտպան, բոլոր կողմերից «կրակում» ու ճնշում են, որի հետեւանքով շատերը, չդիմանալով իրավիճակին, դիմում են գրում, հեռանում: Երեկ, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Դրանից առաջ Արշակ Վարդանյանը, սեփական դիմումի համաձայն, ավարտեց դատավորի կարիերան: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հաջորդ դատավորը, որը աշխատանքից ազատման դիմում կգրի սեփական նախաձեռնությամբ եւ կհեռանա դատական համակարգից, Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանն է: Ավելին՝ լուրեր կան, որ, բացի ազատումից, նրա նկատմամբ այլ գործընթացներ կսկսվեն: Ի՞նչ է կատարվում դատական համակարգում. Ըստ տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ գրագրություն է ի հայտ եկել, որտեղ վերոնշյալ դատավորները իրենց խմբում կոնկրետ իշխանության ղեկավար անձանց մասով հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպում են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ գրագրությունը քաղաքական իշխանություններին հասցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որն իշխանություների «սրտի» դատավորն է, ու ամեն գնով ցանկանում են նրան տանել ԲԴԽ՝ որպես դատավոր անդամ: Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը՝ ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի: ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ եւ օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Սակայն, իրականում Կարեն Անդրեասյանը ոչ թե պաշտպանում է դատավորների անկախությունը, այլ հենց նա է տարբեր ճանապարհով դատավորներին ճնշողներից մեկը»:
Ի պատասխան Auroranews-ի հարցմանը, ԲԴԽ խոսնակը հայտնեց, որ հարցը ԲԴԽ անդամների տիրույթում է, իրենցից պետք է ինֆորմացիա վերցնել, ապա այս դեպքում խնդրեցին գրավոր հարցում ներկայացնել, որպեսզի հավաքագրվի ամբողջ տեղեկատվությունը, հասկանան ինչ իրավիճակ է եւ հետո փոխանցեն մեզ: