2018-ից հետո վերանորոգված ոչ մի ճանապարհ մինչև այժմ կրկնակի չի նորոգվել. Փաշինյանը՝ ՏԿԵՆ-ում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները:
Նախ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և տեղակալները զեկուցել են կառույցի պատասխանատվության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների ու ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
Զեկուցվել են Հայաստանի պետական բյուջեի ֆինանսավորմամբ ճանապարհային ցանցի բարելավման ծրագրերը եւ կատարման ընթացքը: Ըստ պատասխանատուների՝ իրականացվել են պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: Ըստ այդմ՝ 2018-2023թթ. ընթացքում իրականացվել է 1302.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում, վերակառուցում և կառուցում‚ որի համար հատկացվել է 182.8 մլրդ դրամ։ 2023թ.-ի ընթացքում իրականացվել են 356 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման, կառուցման և վերակառուցման աշխատանքներ։ Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում տեղադրվել է նաև 9739 ճանապարհային նշան և մոտ 173․000 գծամետր մետաղական արգելափակոց։
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են նաև պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում: Ըստ այդմ՝ 2018-2023թթ. ընթացքում 663 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ‚ որի համար Հայաստանի պետական բյուջեից հատկացվել է 33 մլրդ դրամ։ 2023թ.-ի ընթացքում միջին նորոգման է ենթարկվել մոտ 150 կմ ճանապարհահատված, որն արժեցել է 6.5 մլրդ դրամ։
Վարչապետը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է որոշվում, թե որ ճանապարհը պետք է տվյալ տարում վերանորոգվի:
Գոռ Ավետիսյանը նշել է, որ համապատասխան տեխնիկական միջոցներով համալրված ավտոմեքենաներով, ինչպես նաև առցանց համակարգով ստացվում են տվյալներ, որոնք համադրելով՝ որոշումներ են կայացվում: «Այդ համակարգը հաշվում է նույնիսկ տեսակը՝ հիմնանորոգել, միջին նորոգել, թե՝ նորոգել: Մենք ամեն տարի հավաքագրում ենք տեղեկատվություն՝ ճանապարհների վիճակի, անհարթության, ճաքայնության, փոսայնության վերաբերյալ և այլն: Ամբողջը ներմուծում ենք համակարգ, որը տալիս է, թե այդ տարվա համար ինչ միջոցառում է պետք իրականացնել»,- ասել է դեպարտամենտի ղեկավարը:
Արձագանքելով՝ վարչապետը կարեւորել է. «Այսինքն՝ ամբողջը էլեկտրոնային տվյալների վրա է: Շատ լավ: Այստեղ էլ մենք պետք է ստանդարտ ունենանք»:
Գոռ Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2018 թվականից հետո վերանորոգված ոչ մի ճանապարհ մինչև այժմ կրկնակի չի նորոգվել:
«Մենք ճանապարհներ ունենք, որ անգամներով այդ ճանապարհի ծանրաբեռնվածությունն ավելացել է: Մեզ պետք է ստանդարտ, մենք պետք է իմանանք՝ և՛ հանրությունը, և՛ Կառավարությունը, թե ճանապարհը մեզ ինչքան պետք է ծառայի: Ճիշտ է, մենք սովորաբար մտածում ենք ժամկետով, բայց ժամկետն օբյեկտիվ ցուցանիշ չէ, որովհետև նույն ժամկետում ինչքան բեռնատար է անցել այդ ճանապարհի վրայով: Եկեք պատկերացնենք իրավիճակ, երբ այդ համակարգը ներդրել ենք, ստանդարտը դրել ենք, ասել ենք՝ այս ճանապարհը շահագործման հանձնեցինք, ուրեմն այս ճանապարհի հաջորդ նորոգման պահը պետք է վրա հասնի այն ժամանակ, երբ դրա վրայով անցել է օրինակ 1000, 10 000 կամ 20 000 կցորդիչով մեքենա և ենթադրենք 50 000 դրանից ավելի ցածր մեքենա: Սա շատ կօգնի, որովհետև այս հսկայական միջոցները մենք ներդնում ենք, դա մեծ պատասխանատվություն է նաև: Լավ է, որ կառուցում ենք, բայց ինչ-որ իքս պահի անհարթություն ես տեսնում՝ ասում ես, կարո՞ղ է ինչ-որ բան սխալ ենք անում և սա այն չէ, ինչ պետք է անենք: Դրա համար ես կարևոր եմ համարում, դա առաջնահերթ բան է, եկեք դնենք այդ ստանդարտը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյան:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...
Այն լուրը, որ Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին չի համապատասխանում իրականությանը
Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է Հայական ժամանակը` հղում անելով ֆրանսիական լ...
ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար
ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ նկատմամբ իր պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում, և այդ դիրքորոշ...
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...