Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը հայտնել է, թե բնակչության մոտ չհաշվառված ինչքան զենք կա
Ուկրաինայի բնակչության ձեռքերում 2-ից 5 միլիոն միավոր չհաշվառված զենք կա, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն։
«Մենք չգիտենք, թե քանի զենք ունենք մեր ձեռքում: Մի միլիոն, երկու, 1 միլիոնից մինչև 5 միլիոն: Եկեք միջինը վերցնենք՝ մոտ 3 միլիոն», - ասել է նա ուկրաինացի լրագրող Նատալյա Մոսեյչուկին տված հարցազրույցում:
Ներքին գործերի նախարարության ղեկավարը պարզաբանել է, որ խոսքը 2022 թվականի փետրվարից հետո ուկրաինացիներին բաժանված զենքերի մասին է, ինչպես նաև այն զենքի մասին, որը նրանք բերում են մարտական գոտուց։ Նա հավելել է, որ ներկայումս պատրաստվում է օրինագիծ, ըստ որի՝ ռազմական դրության ռեժիմի ավարտից 90 օր հետո բնակչության ձեռքում գտնվող զենքերը պետք է հանձնվեն կամ օրինականացվեն։ Կլիմենկոյի խոսքով, օրինագծի նպատակն է կանխել չհաշվառված զենքի հայտնվելը քրեական ոլորտում։
Միաժամանակ, ՆԳՆ ղեկավարը խոստովանել է, որ վերջին շրջանում երկրում աճում է հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ «զենքի հետ կապված»։ Նրա խոսքով, ակնկալվում է, որ դրանք էլ ավելի շատ կլինեն։